Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է, ինչի պատճառով երեկվանից բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ կապի մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ.
«Իմ դիտարկումներն եմ ներկայացրել նախարարին: Որոշում կունենանք՝ կհրապարակենք։ Քաղաքացիների շահն անշուշտ դոմինանտ է և հարցերը համակողմանի ուսումնասիրելուց հետո վստահեցնում եմ՝ հանգուցալուծումը կլինի արդյունավետ եւ հիմնավոր»: Պետրոսյանը նշել է, որ առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, գրավոր պաշտոնապես ներկայացրել է նախարարին իր մտահոգություններն ու դիտարկումներն այս խնդրի շուրջ:
Հարցին՝ այսօր հանդիպելո՞ւ է ակցիա անող բուժաշխատողների և բնակիչների հետ, Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ այս պահին Կառավարությունում է.« Չեմ կարող ասել՝ դեռ Կառավարությունում եմ: Բայց հարցը օրակարգային է եւ լուծումը չի ուշանա»:
Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում նաեւ Մարալիկում՝ ծննդատան փակման պատճառով: