Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում վարորդ Ա. Հարությունյանը ճանապարհային ոստիկանության ոստիկաններին ու հետաքննիչին ասում էր, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի և ԱՊՊԱ նույնպես չունի:
Երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: