Search
Close this search box.

Թե ինչ եղավ հետո, երբ ադրբեջանցին հրաժարվեց հայ երգչուհու հետ երգել Դրեզդենում

Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն` քաղաքական նկատառումներով: Facebook-ի իր էջում այս մասին գրել է հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

«Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,–գրել է Պապյանը։

Նշենք, որ այս մասին գրել է նաև ֆրանսիական forumopera–ն. «Անհավանական է, բայց ճիշտ. Ադրբեջանի քաղաքացի Յուսիֆ Էյվազովը քիչ առաջ քաղաքական պատճառներով հրաժարվեց ելույթ ունենալ ազգությամբ հայ Ռուզան Մանթաշյանի հետ»,–գրում է կայքը։

Ըստ հրապարակման`քանի որ տենորի ձայնն ավելի ծանրակշիռ է, քան սոպրանոյինը, Դրեզդենի ամենամյա Օպերային բալի կազմակերպիչները որոշել են պահել ադրբեջացուն։ Նրանք որոշել են, որ հանդիսավոր արարողությանը ելույթ կունենա ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը։

Հիշեցնենք, որ Դրեզդենի օպերային պարահանդեսն առաջին անգամ տեղի է ունեցել 1925թ.–ին և անցկացվել ութ անգամ մինչև 1939 թվականը` Երկրորդ աշխարհամարտի սկիզբը։ 2006թ.–ին բալին նոր կյանք են տվել Դրեզդենի հիմնադրման 800–ամյակի կապակցությամբ, և դրանից հետո այն դարձել է ամենամյա։ Մեծ ձմեռային հանդիսության մասնակիցներ են դառնում Սաքսոնիայի մայրաքաղաքի ավելի քան 10 հազար բնակիչներ և հյուրեր։

Please enter a valid URL