Factor.am-ը գրում է. Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Հրաչյա Հակոբյանը: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասաց նա: —
Ինչո՞ւ Արթուր Վանեցյանը նման քայլի պետք է գնար:
– Հոդվածից մոտավորապես հասկանում ենք, թե ինչու: ՀԺ-ի հոդվածով հանրությունը իմացավ, թե որն էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը: Այս հոդվածով այդ հարցերի պատասխանը մակերեսորեն գոնե ստացանք:
– Պաշտոնանկության պատճառը դա՞ էր (Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի մասին կեղծ տեղեկություն տարածել):
– Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը:
-Այսինքն՝ իշխանությունները գիտեի՞ն, որ Արթուր Վանեցյանը փորձում է պետական հեղաշրջման փորձ անել:
– Ես դա չգիտեմ, ես հղումն անում եմ հոդվածին:
– Արթուր Վանեցյանը հերքում է, պատրաստվում է իրավական գործընթաց սկսել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Թող իրավական գործընթաց սկսի, բայց ես իր խոսքում որևէ հերքում չտեսա: Նա ընդամենն ասում էր, որ ընտանիքը սրբությունը է, չի կարելի ընտանիքն օգտագործել: Ես իրեն մեկ բան կարող եմ ասել. եթե ընտանիքը սրբություն է, ապա չէր կարելի ընդհանրապես մոտենալ ընտանիքին: Եթե դու խնդիր ունես անձի հետ, եթե դու խնդիր ունես իշխանության հետ, եթե քեզ դուր չի գալիս վարչապետը, ապա պետք չէ մոտենալ վարչապետի ընտանիքին:
– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարվեցին:
-Էլի նյութին պետք է հղում անեմ, որ Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ դու այլևս ավելի բարձր վարկանիշ ունես, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող ես հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: