Ուշ երեկոյան Արմավիր քրեակատարողական հիմնարկում միջադեպ է գրանցվել, ազատազրկված անձինք անհնազանդություն են ցուցաբերել։ Նրանք խոչընդոտել են չնախատեսված խուզարկությանը, հարևան խցերից էլ հարվածել են դռներին, վիրավորել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին,գրում է Tert.am-ը:
Իրավիճակը լարված է եղել շուրջ 40 րոպե։ Tert.am-ի տեղեկություններով` հարվածել են քրեակատարողական հիմնարկի ծառայողի, տեղի է ունեցել քաշքշոց։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ այս պահին ՔԿՀ-ում իրավիճակը հանգիստ է։
«Չնախատեսված խուզարկություն է կատարվել, կալանավորի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել, որը չի ենթարկվել ներքին կանոնակարգին։ Կալանավորն ինքնավնասում է արել, տեղում անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»,- ասաց Նավիկյանը։