Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր):
«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց։
Զարմանալիորեն այդ նյութի մեջ նշում կա նաեւ իմ անձի մասին։
Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ, դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների։
Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին, այսօր եւ ապագայում, խորհուրդ եմ տալիս չփորձել ինձ ներքաշել եւ շահարկել իմ անունը ձեր քաղաքական խաղերի մեջ։
Իսկ այն անձանց, ովքեր իրենց առօրյա անձնական շահերից ելնելով իմ անվան հետ կապված ստեր են հորինում ու իրենց ղեկավարներին հրամցնում, զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
«Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար»,-գրել էր կայքը: