Search
Close this search box.

Սևանցի «Համուլը» Սևանի նախկին քաղաքապետի որդու հետ ծեծելով սպանել է իր «հեղինակությունն ու ապրած-դրածը» չճանաչած համաքաղաքացուն

1in.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ալեքսանյանի և Հմայակ Թադևոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ալեքսանյանն ու Հմայակ Թադևոսյանը 2015 թվականի ապրիլի 5-ին, ժամը 15-ից մասնակցել են իրենց ծանոթի կողմից կազմակերպված մատաղի արարողությանը Սևանի մերձակայքում գործող «Մեծեփ» ռեստորանային համալիրում: Արարողության ավարտին՝ ժամը 20-ն անց 30-ի սահմաններում դուրս գալով ռեստորանից՝ Արթուր Ալեքսանյանը համաձայնել է հյուրերից՝ համաքաղաքացիներ Կառլեն Մ.-ին, Արմեն Թ.-ին ու վերջինիս անչափահաս որդուն Հմայակ Թադևոսյանի մեքենայով տուն հասցնել:

Կառլենը, Արմենն ու նրա որդին նստել են մեքենայի հետևի նստատեղին, Արթուր Ալեքսանյանը՝ մեքենայի ղեկին, իսկ մեքենատեր Հմայակ Թադևոսյանը՝ վարորդի կողքի նստատեղին:

Ուղևորվել են դեպի Սևան քաղաք: Ճանապարհին Հմայակ Թադևոսյանը, ըստ մեղադրանքի՝ «ալկոհոլի ազդեցության տակ լինելով, չնչին առիթով՝ խուլիգանական դրդումներով, վիճաբանության մեջ է մտել Կառլեն Մ.-ի հետ՝ ասելով՝ ո՞նց է որ Կառլենն իրեն չի ճանաչում, ինքը Սևանում հեղինակություն է, ապրած-դրած ունի… Կառլենը պատասխանել է, թե ինքն էլ է Սևանի բնակիչ… Հմայակը շրջվել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է Կառլենի քթին: Վերջինս փորձել է պատասխան հարված հասցնել, հարվածը դիպել է Հմայակի ուսին… Վերջինս պահանջել է, որ Արթուրը կանգնեցնի մեքենան: Արթուրը շրջադարձ է կատարել, մեքենան վարել է «Մեծեփ» ռեստորանի ձախակողմայն հատվածում գտնվող՝ ցեմենտի առաքում իրականացնող ընկերության տարածք, որտեղ այդ ժամանակ մարդ չկար:

Արթուրը կանգնեցրել է մեքենան, ինչից անմիջապես հետո Հմայակն իջել է, մոտեցել է Կառլենի կողմի դռանը, բացել է դուռն ու հարվածել է Կառլենին: Ապա նրան քաշելով դուրս է բերել մեքենայից, բռունցքով հարվածել է նրա դեմքին: Կառլենն ընկել է…

Ըստ մեղադրանքի՝ Հմայակն ու Արթուրը խափանել են Արմեն Թ.-ի փորձը՝ Կառլենին օգնության հասնելու, ապա մոտեցել են ընկած Կառլենին… Հմայակը նստել է տուժողի կրծքավանդակին, Արթուրը կանգնել է կողքին, ըստ մեղադրանքի՝ միասին որոշ ժամանակ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Կառլեն Մ.-ի դեմքին ու գլխին՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ: Կառլեն Մ.-ն տեղում մահացել է…

Դեպքի պահին 37-ամյա Հմայակ Թադևոսյանին ու 35-ամյա Արթուր Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում խուլիգանական դրդումներով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

Արթուր Ալեքսանյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե դատախազի հարցերին չի պատասխանելու՝ ի նշան բողոքի, քանի որ չի ընդունում դատախազության առաջադրած մեղադրանքը:

Արթուր Ալեքսանյանը հայտնել է, թե ինքն ու «Համուլը» դեպքի օրը հրավիրված էին մատաղի արարողության: Ուշ են գնացել, ինքն ընթացքում որոշ ժամանակով դուրս է եկել ռեստորանից, ապա վերադարձել է այն ժամանակ, երբ մարդիկ արդեն տուն էին գնում: Արմեն Թ.-ին, նրա երեխային ու Կառլեն Մ.-ին հանդիպել է ռեստորանի աստիճանների մոտ: Կառլենը հարցրել է՝ Սևա՞ն են գնում, խնդրել է իրենց էլ տանել մեքենայով: Ինքը համաձայնել է: Կառլենը «լավ խմած էր», նա մեքենա նստելով՝ հայհոյել է, քանի որ եղանակը թաց էր, նրա ոտքերը թրջվել էին: Համուլը դիտողություն է արել, որ նա երեխայի ներկայությամբ չհայհոյի: Կառլենը դուռը բացել է, որ մեքենայից իջնի: Ինքը կանգնեցրել է մեքենան, իր կողմից ցեխ էր: Արմենը հայհոյել է իրեն, ինքն ապտակել է նրան: Արմենի երեխան լացում էր, ինքը գրկել է նրան: Հետո տեսել է՝ Համուլը չկա: Տեսել է՝ Կառլենն ընկած է, չի ելնում, զանգել է շտապօգնություն, մտածել են՝ երևիԿառլենն ուշագնաց է եղել:

Արթուրը պնդել է, թե «Համուլը» վիճաբանության ժամանակ չի ասել, որ հեղինակություն է, «ապրած-դրած ունի»…

Արթուրը նաև նշել է, թե «խուլիգանական դրդումը մինչ օրս չի հասկանում»: Ինքը չի հարվածել Կառլենին, ինքը խմած չի եղել… Հմայակը փորձել է ուշքի բերել Կառլենին՝ ապտակներ է հասցրել… Համուլի հեռախոսով են զանգել շտապօգնություն: Իրենց նպատակն էր, որ Կառլենը չմահանա, որ օգնեն նրան… Երբ Կառլենը մեքենայից իջել է, Համուլը փորձել է նրան հանգստացնել ու նստեցնել մեքենա… Իրենք «առիթ չեն ունեցել որևէ մեկին սպանելու»: Համուլը չի հայհոյել, չի ասել՝ կսպանեմ, հակառակը՝ նա Կառլենին նախատել է հայհոյանքի համար… Հնարավոր է՝ Կառլենը վնասվածքներ ստացել է ընկնելուց, ինքը նրա ընկնելու պահը չի տեսել…

Հմայակ Թադևոսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու համար: Նշել է, թե Կառլենին չի ճանաչել, մեքենայում նա «անհասկանալի պահվածք է դրսևորել»՝ հայհոյանքներ է տվել երեխայի ներկայությամբ, ինքը դիտողություն է արել… Երբ մեքենան կանգնել է, Կառլենն իջել է, ինքն էլ է իջել, իրենց մեջ տեղի է ունեցել քաշքշոց, ինքը երկու անգամ ապտակել է Կառլենին… Ինքը չի ասել, թե հեղինակություն է, ապրած-դրած ունի… Ինքը ցանկացել է օգնել Կառլենին, նրան տարել են պահակատուն, զանգել են շտապօգնություն: Երբ շտապօգնությունն ուշացել է, ինքն ու Արթուրը գնացել են հիվանդանոց՝ օգնության հետևից: Ինքը վախեցած էր… Սպանելու նպատակ չի եղել, եթե այդպիսի նպատակ ունենար, նրան արհեստական շնչառություն չէր տա, իր հեռախոսով շտապօգնություն չէր զանգի, չէր գնա բժիշկների հետևից: Ամեն ինչ արել է՝ տուժողին փրկելու համար: Նա իր համար ընդհանրապես անծանոթ մարդ է եղել…

Ըստ Հմայակի՝ իր գործողությւոնները «պայմանավորված են եղել տուժողի հակաբարոյական վարքագծով», ինքն ուզում էր սաստել նրան… Իրենք միմյանց չեն ճանաչել, երբևէ ձեռքով բարևած չկային: Ինքը չի հասկանում առաջադրված մեղադրանքի էությունը: Ինքը Արթուրի հետ ոչինչ նախապես չի համաձայնեցրել, իր գերազանցությունը չի ընդգծել: Ինչո՞ւ պիտի կյանքից զրկեր անծանոթին, որ ինքն էլ կտրվեր ընտանիքից, հայտնվեր բանտում՝ «շնչող գերեզմանոցում»: Ինքը Արմենին չի սպառնացել, թե նրան էլ կսպանեին, եթե երեխան հետը չլիներ…

Հմայակը հայտնել է, թե իրեն համարում է «աստվածավախ» մարդ, ցավում է տուժողի մահվան համար: Ինքը նրան ապտակներ է հասցրել, որ ուշքի բերի, նա իր ապտակներից չէր կարող մահանալ. Իրենց մեջ կռիվ չի եղել…

Ըստ Հմայակի՝ Արթուրն ընդհանրապես չի հարվածել Կառլենին, ինքը չի հասկանում՝ նա՞ ինչ կապ ունի առաջադրված մեղադրանքի հետ…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL