Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 12։25–ին նախանշված Մոսկվա–Երևան և 13։25-ին նախանշված Երևան–Մոսկվա 2–ական չվերթեր հետաձգվել են անորոշ ժամանակով։
Պատճառը Մոսկվայում այս պահին տեղացող աննախադեպ առատ ձյունն է։ Այսօր առավոտից Ռուսաստանի մայրաքաղաքում հետաձգվել են ավելի քան 36 չվերթեր տարբեր ուղղություններով։
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով` ձյունը կշարունակվի մինչև երեկոյան ժամը 18-19–ը։
Առատ ձյան հետևանքով օրվա ընթացքում Մոսկվայի որոշ հատվածներում ձյան ծածկույթը կգերազանցի 5 սանտիմետրը։
Հետաձգվել են նաև Դուբայ–Երևան 2 չվերթերը, որոնք նախատեսված էին այսօր, ժամը 17։55-ին։ Այս դեպքում ևս պատճառը առատ տեղումներն են, բայց ոչ թե ձյունը, այլ անձրևը։
Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող հորդառատ անձրևները Դուբայում իսկական ջրհեղեղ են առաջացրել։ Այսօր առավոտից հեղեղումների պատճառով փակ է քաղաքի հանրային տարածքների մեծ մասը։