Search
Close this search box.

«Մա’մ, էլ մի’ լացիր… Ես ամենուր եմ…հավատա’ Դու ինձ…». ապրիլյան պատերազմի ժամանակ լուսահոգի տղաներից մեկի՝ երազով եկած թելադրանքով գրված բանաստեղծություն

Բորիս Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես այստեղ եմ, Մա’մ…
Էլ ինձ մի’ փնտրիր…
Ես քո ներսում եմ,
Քո տա՜ք սրտի մեջ…
Էլ ինձ մի’ փնտրիր…

Աղաչու՜մ եմ քեզ, էլ մի’ լացիր, Մա’մ…
Երբ դու լացում ես, լացում եմ և ես…
Երբ որ կծկվում ես, կծկվում եմ և ես…
Մա’մ, էլ մի’ լացիր…

Ես ամենուր եմ…հավատա’ Դու ինձ…
Ես քո անանուն Կարոտի մեջ եմ,
Իմ թա՜նկ, իմ միա՜կ…
Վշտից ճերմակած մազերիդ մեջ եմ,
Քո դալու՜կ դեմքի կնճիռների մեջ,
Հուշերիդ մեջ եմ…Ես քեզ չե՜մ լքի…

Ես այն Կարոտն եմ կարոտներիդ մեջ,
Որ միշտ իշխում է ողջ կարոտներիդ…
Ես քո սպիտակած այն միա՜կ մազն եմ`
Ամենաճերմակը հազարների մեջ…

Էլ ինձ մի’ փնտրիր, Մա՜մ…

Գիտե՞ս, մի գաղտնիք կա`
Ուզում եմ բացել…
Բայց խնդրում եմ, Մա՜մ,
Բոլոր Մայրերին սա կփոխանցես…
Թո’ղ որ Աշխարհի Մայրերը բոլոր
Այսուհետ իրենց դուստրերին, որդոց
Սպասեն հավատով…սպասեն Հույսի մեջ…
Թող նրանց փնտրեն միմիայն մի տեղ…
Նորածինների մեջ…
Անգի՜նս, Լու՜յսս, այո’, Նրա՜նց մեջ…
Նորածինների՜…

Ես շուտով կգա՜մ…միայն` հավատա՜…
Կվերածնվե՜մ, Քո գիրկը կգամ…
Միայն հավատա՜ ու սպասի՜ր ինձ, Մա՜մ…

Բորիկ Բաղդասարյան
07.01.2019

Իսկ թե ինչպես հաջողվեց ինձ գրել այս բանաստեղծությունը, ասեմ, որ մեկ անգամ “մահացած֊ վերածնված”-ի մոտ երևի թե հաջողվեր (թեկուզ հոգու խոր կսկիծով)…
Այո’, սիրելիներս…Ես մահացել ու հարություն եմ առել.. Մահացել եմ հոգեպես…Մահացա ապրիլի 3֊ին, երբ ունեցա առաջին հեռախոսազանգս ապրիլյան պատերազմի ժամանակ…
Մահացա այն պահին, երբ լսեցի Մորս թույլ նշվարվող հեծկլտոցի ձայները, որոնք, աստիճանաբար ուժգնանանալով, փոթորկում էին սիրտս ու հոգիս…

Մահացա, երբ իմացա, որ ընտանիքիս ու հարազատներիս լուր է հասել, որ ես չկամ այլևս…Որ վիրավոր գերի եմ ընկել ու….ու ճանապարհի կեսից գլխի մահացու հրազենային կրակոցից մահացել եմ…

Բանաստեղծությունը գրել եմ ուղիղ 1 տարի առաջ, երազիս մեջ` մի անծանոթ երիտասարդի թելադրանքով (նմանեցրել եմ ապրիլյան պատերազմի ժամանակ լուսահոգի տղաներից մեկին, բայց…չեմ կարող նշել…կներեք…)…

Հնարավոր է մտածեք` գժվել եմ…Բայց, հարգելիներս, սա իրականություն է…Իմ երազները ունեն իրականանալու հատկություն…
2017թ.նոյեմբերի 4-ին, ճիշտ իմ տեսած երազի նման, մահացան պապիկս ու քեռիս` յոթ ամսվա տարբերությամբ…
Նոյեմբերի 4- յան երազիցս ուղիղ 18 օր հետո` նոյեմբերի 22-ին, մահացավ պապիկս` ինսուլտից: Յոթ ամսից` հունիսի 12-ին, մահացավ քեռիս` ավտովթարից…

Բանաստեղծությունս նվիրում եմ բոլոր սևազգեստ, որդեկորույս Մայրերին, այդ թվում` Տատիկիս..Նրան, Ով սպասում ու, ամենակարևորը` հավատում է իր Որդու վերադարձին…

Please enter a valid URL