Հունվարի 6-ի կեսօրին պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողը ամուսնացած էր, 11-ամյա որդի ունի:
Համայնքապետի խոսքով՝ ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, Գեղամ Խաչատրյանը մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանն իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: