Search
Close this search box.

Գնդակահարել են, հետո՝ կտրել ականջները. Սարսափելի սպանություն՝ Հայաստանում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 1990թ. և 1988թ. ծնված բնակիչները լարված և անբարյացկամ հարաբերությունների մեջ են գտնվել տուժողի՝ Սպիտակ քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչի հետ, ով աշխատել է ապահովագրական ընկերություններից մեկի՝ Սպիտակ քաղաքում գտնվող գրասենյակում, որը պատկանում է նույն քաղաքի բնակիչ 1987թ. ծնված տղամարդուն: Քննության տվյալներով, այդ կապակցությամբ 41-ամյա տղամարդուն հանդիպելու և նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին գործով մեղադրյալներից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, զանգահարել է իր մտերիմ, վերոհիշյալ ապահովագրական գրասենյակի տնօրենին և հայտնել, որ անակնկալ ձևով ուզում է հանդիպել տուժողին՝ առաջարկելով կազմակերպել իրենց հանդիպումը:

Գրասենյակի ղեկավարը, հաստատապես տեղյակ լինելով 29-ամյա երիտասարդի կողմից աշխատակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին, գիտակցելով նրա հետ համատեղ գործելու, ինչպես նաև՝ վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գրասենյակի աշխատակցին գցելով մոլորության մեջ և հավաստիացնելով, թե, իբր, կարևոր տվյալներ պետք է հայտնի, հրավիրել է Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ապահովագրական ընկերության գրասենյակ՝ միաժամանակ թաքցնելով 29-ամյա երիտասարդի՝ նրան հանդիպելու հանգամանքը:

Վերջինիս հետ նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպելու հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գրասենյակի տնօրենը նաև զանգահարել է իր մյուս ծանոթին, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, միացրել հեռախոսի բարձրախոսը, տուժողի ներկայությամբ զրուցել նրա հետ, որի ընթացքում վերջինս, հրազենով զինված, դանակով զինված ընկերոջ՝ Վանաձոր քաղաքի 1988թ., ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ՝ 1988թ. ծնված բնակչի հետ, ժամանել է գրասենյակ:

Այնուհետև, 41-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները, 29-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած, հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, իսկ 31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, գիտակցելով իր գործողություններով վտանգավոր այլ հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն գիտակցաբար թույլ տալով դրանք, իր մոտ գտնված ատրճանակից կատարված կրակոցով դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող միջանցիկ հրազենային վնասվածք է պատճառել նաև ներկաներից մեկին, որից հետո ապահովագրական գրասենյակից երեքով դիմել են փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել է դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների երկու պարկուճ, դրանք վերցրել ու հեռացել, իսկ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՝ մարմնական վնասվածքներից առաջացած հեմոռագիկ և տրավմատիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 1990թ. ծնված երիտասարդին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ապահովագրական գրասենյակի տնօրենին՝ 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտարարվել է հիշյալ երեք անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ինչ վերաբերում է սպանության դեպքին ներկա չորրորդ անձին՝ Վանաձոր քաղաքի՝ 1988 թվականին ծնված մյուս բնակչին, ապա վերջինիս նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Օրերս, ձեռնարկված օպերատիվ-որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վերջինիս, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձի կողմից 29-ամյա երիտասարդին ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործի մասերն անջատվել են առանձին վարույթ, և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL