Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մերժեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում Է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նշենք, որ պաշտպանները բողոքարկել են Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները:
Գեւորգ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: