«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դնում եմ հետաքրքրվողների համար. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային պողոսների համար 68,000 դ է, նախարարի աշխատավարձը 1․500․000 դ, կամ՝ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից։
Կանադայում նվազագույն աշխատավարձն ամսավճարով չի, այլ ժամավճարով, որը, սակայն, հաշվելով շաբաթական ստանդարտ 37,5 ժամ դրույքաչափով, ստացվում է կանադական Պողոսի համար ամսական $2,275, իսկ համապատասխան կանադական նախարարը $20․625, այսինքն՝ մոտ 9 անգամ ավելի:
Բայց սպասեք․ դեռ կենացները քաղցրանում են։ Կանադական մինիստրն այդ կեղտոտ (նախքան հարկային և այլ պահումները) ամսական $20․625-ից, հարկերի և այլ պահումներից հետո ստանում է ամսական $12,400, իսկ մինիմում աշխատավարձով աշխատող կանադական Պողոսն ամսական $1,879։ Այսպիսով, կանադական նախարարի և կանադական Պողոսի միջև սոցիալական տարբերությունը կրճատելով 6․5 անգամի։
Հայաստանյան Պողոսն իր 68,000 դ-ից հարկային մուծումներից և այլ պահումներից հետո առձեռն ստանում է 50,600 դ, իսկ հայաստանյան նախարարն իր 1․500․000 դ-ից հարկային մուծումներից և այլ պահումներից հետո ստանում է մոտ 1,075,000 դ՝ դրանով իսկ սոցիալական բևեռվածության աստիճանը կտրուկ նվազեցնելով մոտ 21 անգամի։
Եթե ՀՀ գոնե Կանադայի պես սոցիալական արդարություն ունենար (որը, ի դեպ, անգամներ հեռու է արևմտաեվրոպական չափանիշներից), ապա ՀՀ նախարարի աշխատավարձը հեռավոր համադրելի կլիներ հայաստանյան Պողոսի աշխատավարձի հետ և կկազմեր 450․000 դ, որից և հարկային և այլ պահումներից հետո ՀՀ նախախարը կստանար մոտ 325․000 դ, այսինքն՝ հայաստանյան Պողոսից մոտ 6,5 անգամ ավել։
Այսինքն՝ ՀՀ-ն կանադական սոցիալական արդարության պատկերացմանը զիջում առավել քան 3 անգամ։ Կամ ՀՀ իշխանությունները գտնում են, որ շարքային պողոսներին «ադ ալ շատ է», կամ համարում են, որ ՀՀ սահմանադրության առաջին հոդվաճի 5-րդ բառը (սոցիալական) ավելորդ է, կամ էլ, որ հայաստանյան նախարարները շատ ավելի բարդ ու, հետևաբար, բարձր վարձատրվող աշխատանք են կատարում և դրանով արդարացնում են իրենց և շարքային Պողոսի կենսագոյության 22 անգամյա անդունդը»։