Search
Close this search box.

«Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում». պայմանագրային զինծառայողները դիմել են ՊՆ թեժ գիծ

Իջեւանի զորամասում պայմանագրային զինծառայողներին որպես պարգեւավճար տրված գումարները տատանվում են 3200-ից 10 հազար դրամի սահմանում: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել պայմանագրային զինծառայողներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ:

«Անցած տարի 60 հազար են տվել, իսկ այս տարի 3200-ից մինչեւ 10 հազար դրամ: Կոնկրետ ինձ 10 հազար դրամ են տվել, ու ոչ մեկն այդ գումարը դեռ չի հանել քարտից, մենք պատրաստ ենք այդ փողը փոխանցել անապահովներին կամ զոհվածների ընտանիքներին։ Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում, ԱԻՆ-ի ու ոստիկանության աշխատակիցներին, բժիշկներին տալիս են, իսկ սահման պահող տղերքին` ոչ»,-ասել է զինծառայողը:

Պայմանագրային զինծառայողը նշել է, որ ինքը ստանում է 176 հազար դրամ աշխատավարձ, ինչն իր ընտանիքին չի բավարարում. «Այդ գումարից 40 հազար տան վարձ եմ տալիս, 30 հազար կոմունալ վճարումներ, 80 հազար դրամ էլ վարկերն եմ փակում, բա մնացածով ես ինչպե՞ս երեխա պահեմ»,-հարցրել է նա:

Զինծառայողը նշել է, որ իրենք դիմել են ՊՆ թեժ գիծ, որտեղից իրենց հայտնել են, թե զորամասին գումար փոխանցվել է լավագույններին պարգեւատրելու նպատակով:

«Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել.

««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը»,- ասվում է ՊՆ հայտարարությունում:

Please enter a valid URL