Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները:
Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»:
1-ին. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով ներմուծման դեպքում վերամշակման թույլտվությունը ստանալու համար անձը պետք է ներկայացնի կառավարության սահմանված կարգով համապատասխան դիմում, դիմումին կից ներկայացվող տեղեկատվություն, հաշվարկ, ինչպես նաև ղեկային տեղաբաշխման փոփոխության վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:
Թույլտվությունը կարելի է ստանալ. թե՛ մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը, թե՛ դրա ավարտից հետո։
Թույլտվությունը ստանալուց հետո անձը պետք է ներկայացնի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր, որից հետո կիրականացվի բացթողման գործընթացը։
«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագրի սահմանված ժամկետում տրանսպորտային միջոցի ղեկի փոփոխությունն իրականացնելուց հետո ներկայացվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր: Դրանով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է, ընդ որում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով տրանսպորտային միջոցների հայտարարագրումը պետք է կատարել մինչև սահմանված ժամկետի լրանալը։
«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ավարտելու դեպքում, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 175-րդ հոդվածի, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից գանձվում են տոկոսներ:
Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են այն դրույքաչափերով, որոնք գործում են ապրանքները «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացրած ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ։
2-րդ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2019 թվականին ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մաքսային վճարները կարող են հաշվարկվել 2019 թվականին գործող դրույքաչափերով, եթե հայտարարատուն վստահ է, որ աջ ղեկի փոփոխությունը կարող է իրականացնել նախնական հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից սկսած 30 օրվա ընթացքում: Այս դեպքում նա պետք է կատարի հետևյալ քայլերը.
. ներկայացնի նախնական մաքսային հայտարարագիր «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով։
. տրանսպորտային միջոցը տեղակայի տարանցման հայտարարագրում որպես նշանակման վայր նշված մաքսային հսկողության գոտում, արդյունքում՝ ավարտելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը։ Ընդ որում՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն պետք է ներկայացնի համապատասխան դիմում, դիմումին կից ներկայացվող տեղեկատվություն և հաշվարկ, ինչպես նաև ղեկային տեղաբաշխման փոփոխության վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր:
Այս դեպքում ևս վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ. թե՛ մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը, թե՛ դրա ավարտից հետո։
Հաջորդ քայլով դիմումատուն պետք է ներկայացնի հայտարարագիր, որից հետո կիրականացվի բացթողման գործընթացը։
Հայտարարատուն նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է տրանսպորտային միջոցը հայտարարագրի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կատարի տրանսպորտային միջոցի աջակողմյան ղեկային տեղաբաշխման փոփոխություն ձախակողմյան ղեկային տեղաբաշման և իրականացնի նախնական մաքսային հայտարարագրի ճշգրտում։ Այնուհետև, «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտի «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելով, ընդ որում դա պետք է իրականացնել նախնական հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:
Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը նշված գործողությունները՝ նախնական մաքսային հայտարարագրով բացթողումը կմերժվի, և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կավարտվի ընդհանուր կարգով: Այսինքն՝ կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։