ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` իր պաշտոնանկության պատճառների մասին:
«ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է․ ինձ համար։
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ։
Վերջին երկու տարիներին կյանքիս թերևս գլխավոր ուղենիշն է եղել հեղափոխությամբ բերված` Հայաստանի Հանրապետությունը ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելու առաքելության իմ մասնաբաժինը։
Այս գլխավոր նպատակն էր, որ դեռևս տարիներ առաջ ինձ և իմ ընկերներին բերեց բարիկադի նույն կողմը, պարտավորեցրեց, անկախ ամեն ինչից, չընկրկել սիստեմի առաջ։
Ցանկացած փուլի ավարտից հետո պարտավոր ես հետադարձ հայացքով գնահատականներ տալ․ առաջին հերթին ինքդ քեզ։ Թերացումներ ունենում են բոլորը․ միշտ, բայց ի՞նչն է, որ պիտի համարես քո հետագծի հիմանարար առանցքը․
— Իմ կայացրած յուրաքանչյուր որոշման մեջ առաջնային է եղել մարդը, քանի որ այլ գերագույն արժեք ինձ համար չկա և վերջ։
— Մարդու՝ որպես գերագույն արժեքի, իրավունքների պաշտպանության համար եղել է միայն մեկ ճանապարհ․ օրինականությունը և վերջ։
— Ազատ, հզոր ու երջանիկ պետություն կառուցելու ճանապարհին ազգային ինքության պահպանումն ու պաշտպանությունը միշտ եղել է առաջնային և սա քննարկման ենթակա չէ։
— Երջանիկ պետությունում երեխաները մեկուսացված չպիտի լինեն։ Չկա գումարի չափ, որը կարելի է նժարի վրա դնել, երբ հարցը երեխայի ֆիզիկական, հոգեկան անվտանգությանն է վերաբերում։ Երջանիկ պետությանը «Երեխաների քաղաք» պետք չէ, և ես հպարտ եմ, որ սա այլևս քննարկման ենթակա չէ։
Շնորհակալ եմ ընդհանուր սկզբունքներն ու մեկ միասնական երազանքն ինձ հետ հավասար կիսող իմ քաղաքական թիմին` մասնավորապես վարչապետին ու նախարարին, այս ճանապարհն ինձ վստահելու համար։
Ինչ վերաբերում է ապագային, հուսով եմ, որ սխալվելու վախերը չեն կասեցնի արժեքավոր անելիքները։
Եվ ինչպես երեկ էր, այսօր է, այնպես էլ վաղը ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։
Մի’շտ»,- գրել է նա։