mediapress.am-ը գրում է. 2013 թվականի մայիսի 19-ին Ախուրյանի ծննդատան հղի Մարգարիտա Տիտոյանը, որն ութ օր շարունակ պառկած էր այդ հիվանդանոցում, իր բժիշկ՝ Միրզոյանի եղբորդու որոշմամբ հանկարծակի ու շտապ ուղեգրվում է «Հանրապետական» ծննդատուն։
Ի դեպ բժիշկը, որն ի սկզբանե Միրզոյանն է լինում, չգիտես ինչո՞ւ այդ ժամանակահատվածում անհետանում է ծննդատնից,իսկ եղբորորդին, որը գնահատում է հղիի վիճակը ծայրահեղ ծանր, նրան տեղափոխման հրաման է տալիս Երևան։
«Ես ինձ շատ լավ էի զգում, ոչ մի բարձր ճնշում չունեի, ինչը որ նկարագրված էր ուղեգրում։ Այդ ժամանակ 8 ամիս և մի քանի օրեկան հղիության ընթացք էր ինձ մոտ։ Առաջին հղիությունս էր, աղջիկ երեխա։ Կեսարյան հատման արդյունքում ծնվեց 2կգ 100 գր քաշով երեխա։ Բալիկս ծնվեց ճիչով»,-Mediapress.am-ի հետ զրույցում պատմում էր Մարգարիտան։
Հետագայում բժիշկները Մարգարիտային համոզում էին, որ երեխան ծնվելուց հետո ճիչ չի ունեցել։
«Կեսարյան հատումից հետո ինձ տարան վերակենդանացման բաժանմունք, որտեղ չգիտեմ ինչ դեղ ներարկելուց հետո, առողջականս գնալով վատացավ, խոսել չէի կարողանում, ոչ էլ քայլել։ Վերակենդանացման բաժանմունքում մրսում էի, ինձ թվում էր՝ գոռում եմ և ծածկոց խնդրում, բայց իզուր։ Կողքիս պառկած ծննդկանն ինձ ասաց, որ ձայնս դուրս չի գալիս, և իմ փոխարեն ինքն էր կանչում բուժքրոջը։
Հարազատներիս պահանջով ինձ տեղափոխեցին վճարովի հիվանդասենյակ, որպեսզի կարողանային ինձ խնամեին ու բալիկիս էլ տեսնեին։
Բժիշկները ինձ հավատացնում էին, որ ամեն ինչ լավ կլինի, ինձ կտանեն հիվանդասենյակ, հետո երեխային կբերեն տեսնելու։
Սակայն, քանի որ բալիկս ուղիղ 9 ամսեկան չէր ծնվել, նրան պահում էին հատուկ նորածինների համար նախատեսված «կյուվեզի» մեջ։
Հաջորդ օրը հիվանդասենյակս մտան մանկական բաժանմունքի երկու բժշկուհի և արհամարհանքով ասացին․«Երևում է՝ ձեզ երեխա պետք չի»։ Քանի որ չէի կարողանում խոսել, մերոնք ասացին․ «ի՞նչ եք խոսում, մեր ծննդկանը քանի որ վատ է, իրենով ենք զբաղված»։ Բժշկուհիները, իրար դեմք նայելով, ասացին, որ երեխան ունի առողջական լուրջ խնդիրներ։ Ամուսինս,խառնվելով իրար, նրանց ասաց, որ ինչ պետք է անեն, ինքը ֆինանսապես պատրաստ է, միայն փրկեն բալիկին։ Դեղատոմս տվեցին ամուսնուս երեխայի բուժում սկսելու համար, ինձ էլ ասացին, որ կուրծքս «կթեմ» երեխային ներարկիչով կերակրելու համար։ Այդպես վատ վիճակում ամուսինս սայլակով ինձ տանում էր մեկ հարկ վերև։ Մի ահավոր կոպիտ կին էր «կթողը», մինչ օրս մարմնովս սարսուռ է անցնում, թե ինչ ցավերի մեջ էր ինձ գցում՝ վատ կթելով։ Հետո տանում էինք կաթը 4-րդ հարկ՝ մանակական բաժանմունք, որ երեխայիս կերակրեին։
4-րդ օրն ասացին, որ թոքաբորբ է ընկել մեր երեխան, իսկ հաջորդ օրը կանչեցին ամուսնուս ու ասացին, որ մահացել է»,- լացը հազիվ զսպելով պատմում էր Մարգարիտան։
«Ամուսնուս ցույց են տվել կապտած երեխա, որը բացարձակ նման չի եղել մեր աղջկան։ Հաջորդիվ, պահանջել ենք երեխայիս դին, որ տանենք հուղարկավորենք, նրանք չտվեցին՝ պատճառաբանելով, թե դա կառաջացնի մեծ սթրես։ Հետո հայտարարեցին, որ ինձ մոտ ներարգանդային սեպսիս է, միգուցե՞ դրանից էլ երեխան վատառողջ է ծնվել։
Ամուսնուս առաջարկել են ստորագրել «հերձման» համաձայնագիր, որպեսզի հասկանան՝ ինչ ինֆեկցիայից է մահացել երեխան, և որ հետագայում ես բուժվեմ ու առողջ բալիկ ունենամ։ Սկեսուրիս էլ ստորագրել են տվել մի թուղթ՝ իբրև՝ «գենետիկական» անալիզի համար է պետք։ Հետո մեզ ցույց տվեցին հերձման նկարներ։
Հերձելուց հետո, նորից պահանջել ենք երեխայի դին, որպեսզի հուղարկավորենք։ Նրանք էլի մերժեցին՝ ասելով, որ իրավունք չունեն։
Հավատալով այդ խեղկատակների խմբին՝ դուրս եմ գրվել հիվաանդանոցից և մեկնել Ռուսաստանի Դաշնություն հարազատներիս մոտ՝ բուժման նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունում մանրակրկիտ անցել եմ ծավալուն բուժզննում, բոլոր անալիզներիս պատասխանները մաքուր են եկել, ոչ մի սեպսիս էլ չկար։ Ընդամենը 10 օր վերականգնողական բուժում եմ ստացել։
«Հանրապետական» բուժանձնակազմի մեջ միակ խիղճն ու բարոյական մարդը, որ ունեցել է Էմիլ Խլղաթյանն է եղել, որը ցավակցել է ի սրտե։ Իսկ Ռուզաննա Քեհյան անունով անսիրտը միայն փող էր պահանջում։ Ամուսինս ի սկզբանե ասել էր, որ երեխային երբ կտեսնենք, անպայման «մաղարիչ կանենք»։
5 տարի էր անցել, երբ վերադարձա Հայաստան, երեխայիս ծննդյան վկայական հանելու, ինձ չտվեցին՝ ասելով, որ մահվան վկայական պետք է հանես, ոչ թե ծննդական։ Երբ գնացի մահվան վկայական հանելու, աշխատողն ասաց՝ ինչ մայր եմ, որ 5 տարի անց եմ ինչ-որ բանի հետևից եկել։ Լուռ արտասվում էի, երբ մեկ այլ աշխատակից մոտեցավ և խղճալով ասաց, որ մեր փոխարեն ստորագրել են երեխայի «հրաժարման» թուղթ և ձեռքով փակելով բերանս անմիջապես դուրս հանեց, երևի թե վախեցավ՝ կլսեին ու կհանեին աշխատանքից։
Վեց տարի է ինձ մի միտք է տանջում՝ որտեղ է իմ երեխան, ում ձեռքն է գնացել ստորագրել այդ թուղթը,վեց տարի է գլուխս բարձին դնել ու քնելը չգիտեմ ինչ բան է»,- ասաց Մարգարիտան և ավելացրեց․
«Եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն համապատասխան միջոցներ արդար քննություն անցկացնելու և պարզելու իրական հանգամանքները, այսօր, արդեն իսկ լինելով ՌԴ քաղաքացի, դիմելու եմ Ռուսաստանի բոլոր պատկան մարմիններին, անգամ մինչև նախագահ, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը»։
Ի դեպ, այսօր՝ վեց տարի անց, Մարգարիտա Իդոյանը, որին արգանդի սեպսիս էին ախտորոշել «Հանրապետական» ծննդատանը, ունի երկու արու զավակ՝ 5 տարեկան և 9 ամսեկան։