Դատավոր Դավիթ Բալայանը հավաստի կասկածի բացակայության հիմքով մերժեց երեխաների վաճառքի մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանի կալանքի միջնորդությունը: Այսինքն ստեղծեց հիմքեր, որ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Ընդ որում, մերժեց ընդդեմ հասարակական կարծիքի և անտեսեց գործի ապացույցները:
Քավ լիցի, նրան չեմ մեղադրում, դատարանը անկախ է և գործում է ներքին համոզմունքի հիման վրա:
Ուղղակի կցանկանայի արդար, անաչառ, օբյեկտիվ , միմիայն ներքին համոզմունքով և օրենքներով շարժվող, անշահախնդիր և անկաշառ դատավոր Դավիթ Բալայանից ստանալ ևս մեկ հարցի պատասխան:
Այսպես՝
Հարգելի պ-ն Դավիթ Բալայան, հայ ազգը և աշխարհի շատ պետություններ պմդում են, որ 1915թ-ին թուրքերի կողմից տեղի է ունեցել Հայերի ցեղասպանություն և կոտորվել է մոտ 1,5 միլիոն հայ:
Թուրքերը պնդում են, որ ցեղասպանություն չի եղել, իրենք էլ 1.5 միլիոն հայ չեն սպանել և մեղավոր չեն:
Ասել, որ մենք ունենք ապացույցների բավարար համակցություն, դիցուք 1.5 միլիոն հայերի անձնական տվյալները, անձնագրերը, մահվան վկայականները, դիակների վայրերը և կոնկրետ ապացույց թե որ թուրքը, երբ և որտեղ է սպանել մեր հայերից մեկին սուտ կլինի:
Հիմա հարցս.
Եթե ապացույցների այս համակցությամբ քննիչը մեղադրանք առաջադրի թուրքերին և այդ գործը մակագրվի Ձեզ, ապա ինչ կարծիքի եք. առկա է արդյո՞ք հավաստի կասկած այն մասին, որ թուրքերը իրականացրել են ցեղասպանություն և կոտորել 1.5 միլիոն հայի, թե ոչ:
Մտորեք այս մասին Ձեր տանը, իբրև խորհրդակցական սենյակում, նայելով Ձեր երեխաների աչքերի մեջ:
Կխնդրեի պատասխանել, ոչ թե ինձ, այլ հասարակությանը, քանի որ և Ռազմիկ Աբրահամյանի և թուրքերի դեպքում հասարակությունը համոզված է, որ ցեղասպանություն եղել է: Որպես դատավոր պետք է տեղյակ լինեք, որ հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն: Սա որպես հուշում:
Արտակ Գալստյան