ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դե` ինչ, մի քանի պարզ դիտարկումներ տարածաշրջանային իրավիճակի մասին` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների կոնտեքստում։
Գիտեք` գոյություն ունի շատ տարածված կարծիք, որի համաձայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը կախված է բանակցությունների ընթացքում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և նաև Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և ռազմական դիրքավորումից։ Գրվում են հարյուրավոր վերլուծություններ, քննարկվում են տասնյակ սցենարներ և վարկածներ, սակայն այս ամենի մեջ մոռացության է մատնվում տարածաշրջանի ամենաազդեցիկ և խոշոր խաղացողը`Իրանը։
Այո, հենց իրանական գործոնը հաճախակի հաշվի չի առնվում ոչ մի սցենարի դեպքում, իսկ դա կոպտագույն սխալ է։
Տեսեք` Իրանը միակ պետությունն է տարածքում, որն այս կամ այն առումով պահել է ընդգծված չեզոք դիրքորոշում, սակայն դրա հետ մեկտեղ ցուցաբերել է «պոզիտիվ» չեզոքություն հայկական կողմերի նկատմամբ։ Դրա հետ մեկ տեղ տեղ Իրանը չափազանց հետաքրքրված է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հանկարծ չհանգեցնի արևմուտքի դիրքերի ամրապնդմանը մեր տարածաշրջանում ‘ բնականաբար հայկական վեկտորի ներքո, քանզի դիտարկում է դա որպես ուղղակիորեն սպառնացող վտանգ։ Այդ մասին շատ հստակ արտահայտվել են ժամանակին թե՛ Իրանի նախագահները, և թե՛ իրանական հոգևոր վերնախավը։
Պարզ է, որ Իրանի համար կենսական նշանակություն ունի նաև Թուրքիայի և նամանավանդ Ադրբեջանի ուժեղանալը թույլ չտալը, իսկ եթե հաշվի առնենք, որ Իսրայելը վաղուց օգտագործում է ադրբեջանական տարածքը որպես պլացդարմ հակաիրանական հետախուզական գործողությունների համար, ապա ակնհայտ է իրանցիների իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ` գլոբալ առումով։
Ես համոզված եմ, որ մեզ համար շատ կարևոր է հաշվի առնել իրանական գործոնը և հասկանալ, որ ինչ հունով էլ ընթանան բանակցությունները, եթե Իրանը զգաց վտանգ, ապա նա ի զորու է այս կամ այն ձևով տապալել յուրաքանչյուր բանակցային գործընթաց:
Ես կարծում եմ, որ մեզ չափազանց կարևոր է գալ Իրանի հետ տրամաբանական «լուռ» համաձայնության առ այն, որ արցախյան հարցը հայկական կողմը դե ֆակտո արդեն լուծել է և հենց իրանական կողմին չափազանց ձեռնտու կլինի չխոչընդոտել Արցախի Հանրապետությունը դե յուրե լեգիտիմացնելու միջազգային գործընթացին։
Իսկ ինչո՞ւ` ես մասնակի արդեն նկարագրեցի, առավել հասկանալու համար խորհուրդ կտամ ուղղակի ուսումնասիրել Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերությունների դինամիկան իրանական ուղղությամբ վերջին տաս տարվա ընթացքում։