Search
Close this search box.

Արցախի դատական դեպարտամենտը արձագանքել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ ոստիկանության վիզաների վարչության վարչական գործով 19.12.2019թ. նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը։

«Նիստից հետո Ս.Բաբայանի տարածած այն հայտարարությանը, որ Վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իմ իրավունքների վերականգնումը, տեղեկացնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը և չի արտացոլում տվյալ գործի դատավարական ընթացակարգի իրական պատկերը:

Նշված գործի շրջանակներում տեղի է ունեցել 8 նախնական դատական նիստ, որից 7-ը հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչի մասին վկայում են գործում առկա նյութերն ու դատական նիստերի արձանագրությունները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօրվա (դեկտեմբերի 19) նախնական դատական նիստում Վարչական դատարանը չէր կարող գործի ելքը պայմանավորող որոշում կայացնել, քանի որ նշված գործով դեռեւս դատաքննություն չի իրականացվել:

Ներկայացնում ենք նաև նիստերի հետաձգման հիմքերը.

2019թ. մայիսի 23-ի նախնական դատական նիստը հետաձգվել է պատասխանողի ներկայացուցչի կողմից՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու հետ կապված վարչական վարույթի նյութերի բնօրինակները ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որին հայցվորի ներկայացուցիչները չեն առարկել:

2019թ. հունիսի 18-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից՝ Սամվել Բաբայանի՝ ՀՀ-ում հաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և դրա հետ կապված վարչական վարույթի նյութերը ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից ստանալու միջնորդությամբ պայմանավորված:

2019թ. հուլիսի 9-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից պահանջված՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու վերաբերյալ վարչական վարույթի նյութերը ստացված չլինելու հիմքով:

2019թ. օգոստոսի 27-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն ուղարկված գրությամբ ապացույցը ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

2019թ. սեպտեմբերի 24-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 24.09.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

2019թ. հոկտեմբերի 10-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 10.10.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ նույն առ 24.09.2019թ. դիմումի հիմքով:

2019թ. հոկտեմբերի 29-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարություններից Սամվել Բաբայանի զինվորական հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտությամբ:

2019թ. դեկտեմբերի 19-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ պայմանավորված ԱՀ պաշտպանության նախարարությունից նախորդ հարցման պատասխանի ոչ ամբողջական լինելու պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL