Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխվի Հայաստան: Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Օրերս Գլխավոր դատախազությունը հանձնարարել էր Ոստիկանությանը կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը Հայաստան՝ այն բանից հետո, երբ Չեխիան բավարարեց պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։ Նախկին նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար, անցած տարվա հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։
Նարեկ Սարգսյանի դրվագն ուշագրավ է մի քանի տեսանկյունից։
Զուտ ժամանակագրորեն համընկան երկու իրադարձություններ, որոնք գուցե ուղղակի կապ չունեն, սակայն կարևոր ուղերձներ էին հասարակությանը։ Նախ յուրացման մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանին, ապա հայտնի դարձավ, որ Չեխիան արտահանձնում է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նրա եղբորորդուն։ Հեղափոխության հաղթանակից հետո Սարգսյանն ու նրա հարազատները, կարծես թե, արժանանում էին հեղափոխության «թավշյա» վերաբերմունքին, ինչը հասարակության շրջանում բազմաթիվ դավադրական տեսությունների տարածման համար նախադրյալներ էր ստեղծել՝ ոռոգելով ռևանշիստական տրամադրություններ։ Այս իրադարձությունները կարևոր ազդակ են հասարակությանը, որ հեղափոխությունն անողոք է լինելու բոլոր հանցագործությունների ու դրանց կատարողների նկատմամբ։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների շուրջ օղակը սեղմվում է, ինչն էապես թուլացնում է ռևանշիզմի հնարավորությունը։
Նարեկ Սարգսյանի արտահանձման պատմությունը մեկ այլ քարոզչական փուչիկ էլ պայթեցրեց։ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո ՀՀԿ գործիչները բացահայտ կամ տողատակով ակնարկում էին, թե երրորդ նախագահը մեծ հեղինակություն է վայելում արևմտյան քաղաքական շրջանակներում։ Այս հարթության վրա Չեխիայի իրավապահ մարմինների որոշումը ոչ միայն իրավական, այլ նաև՝ քաղաքական ենթատեքստ ուներ․ Արևմուտքը չի կարող դառնալ կոռումպացված համակարգի, նրա ներկայացուցիչների թաքստոցը ու հրապարակային և գործնական քաղաքականության մակարդակում ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։
Սակայն Չեխիայի՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու որոշումը նաև արևմտյան ապտակ էր Մոսկվային, որն, ի հեճուկս դաշնակցային պարտավորությունների, շարունակում է մնալ Հայաստանի կոռումպացված ու հանցագործ պաշտոնյաների «հայրենիքը»՝ ապաստարան դառնալով հատկապես Մարտի 1-ի գործով հայտնի մեղադրյալների համար:
1in.am