Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթանում է Էմմա Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Երիտասարդ աղջիկը մեղադրվում է տուժողին դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողն աղջկան ծանոթ երիտասարդ է, դեպքը տեղի է ունեցել երևանյան շենքերից մեկի շքամուտքում, որտեղ գտնվում է աղջկա բնակարանը:
Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 18-ին, ժամը 23-ի սահմաններում երևանյան շենքերից մեկի շքամուտքում Էմմա Գ.-ն ծանոթի՝ Արամ Ա.-ի (անունը փոխված է) կողմից իր հեռախոսը վերցնելու և չվերադարձնելու հարցի հետ կապված «վիճաբանության ժամանակ, գիտակցելով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, Արամ Ա.-ին մարմնական վնասվածք պատճառելու անորոշ դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս որովայնի առաջնային պատին և ձախ թիակի ու ձախ անութափոսի շրջանին՝ երիտասարդի առողջությանը պատճառելով ծանր վնաս»:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալ աղջկա շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ նրա գործողություններն իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:
Միաժամանակ պաշտպանը խնդրեց, որ դատարանն այդ միջնորդությունը քննության առնի ո՛չ անմիջապես, այլ՝ ավելի ուշ՝ քրեական գործում առկա ապացույցների հետազոտումից և հարցաքննություններից հետո:
Նմանատիպ միջնորդություն պաշտպանը ներկայացրել էր նաև գործի նախաքննության ավարտական փուլում, բայց քննիչի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր, նախաքննական մարմինը հաստատված էր գնահատել, որ աղջիկը դիտավորությամբ տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ աղջիկն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ տուժողին դանակով հարվածներ հասցնելու պահին աղջիկը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները եղել են իրավաչափ: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ալվանդյանը մեր զրույցում պնդեց, որ իր պաշտպանյալը մինչև անգամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում թույլ չի տվել, նա գտնվել է հե՛նց անհրաժեշտ պաշտպանության վիճակում, քանի որ շքամուտքում տուժողը փակել է նրա ճանապարհը, չի թողել տուն բարձրանալ, սեղմել է նրա պարանոցը, ու աղջիկն իր կյանքի համար իրական վտանգ է զգացել, փրկել է իր կյանքը…
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հետազոտել մեկ հատորից բաղկացած գործում առկա գրավոր փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, հարցաքննել վկաներին, տուժողին, վերջում՝ ամբաստանյալին:
Հրապարակվեցին գործում առկա փաստաթղթերը:
«Արմենիա» բժշկական կենտրոն էր ընդունվել կտրող-ծակող գործիքով ծանր վնասվածք ստացած երիտասարդը, հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանություն:
Տուժողը սկզբում, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չի եղել որևէ բան ասելու: Իսկ հետո, ըստ քննիչի կազմած արձանագրությունների, տուժողը նախ նշել է, թե վատ է զգում և չի կարող հարցաքննվել: Այնուհետև ասել է, թե պատրաստ կլինի հարցաքննվելու, երբ հիվանդանոցից դուրս գրվի:
Գործում առկա է օպերատիվ գրագրություն՝ ոստիկանության և քննչական բաժնի միջև, որտեղ նշված է, որ պարզվել է դեպքի վայրը՝ այն հանդիսանում է երևանյան շենքերից մեկի շքամուտքը:
Հիշյալ գրագրության մեջ առկա էր միտքը, որ շքամուտքում վիճաբանության ժամանակ աղջիկը դանակով հարվածել ու ծանր վնասվածք է պատճառել ընկերոջը:
Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ալվանդյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե պարզ չէ՝ որտեղի՞ց է ոստիկաններին ու քննիչին հայտնի դարձել դեպքի վայրի հասցեն, աղջկա բնակության վայրի հասցեն, ինչպես նաև այն, որ աղջիկը դանակով տուժողին հարվածել է վիճաբանությա՛ն ժամանակ: «Վիճաբանություն չի՛ եղել»,- հայտարարեց պաշտպանը:
Հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը: Զննությունը կատարվել էր դեպքից երկու օր անց՝ հունիսի 21-ին:
Շքամուտքի մետաղե դռան շրջանակի ու դռան ներսային մակերեսի վրա հայտնաբերվել էր մեկական «ծորացող» արնանման հետք, որոնցից նմուշներ էին վերցվել ու փաթեթավորվել:
Դեպքի վայրում և դրան հարակից շինությունների վրա տեսահսկող սարքեր ի հայտ չեն բերվել:
Հրապարակվեց դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնից ստացված գրությունը այն մասին, որ տուժողը չի ներկայանում փորձաքննության: Փորձաքննությունն ի վերջո անցկացվել ու եզրակացությունը տրվել էր հիվանդանոցից ուղարկված բժշկական փաստաթղթերի հիման վրա:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողին որովայնի շրջանում պատճառվել էր կտրած-ծակած, թափանցող վնասվածք՝ տասներկումատյա աղիքի միջանցիկ վնասումով, մեծ ճարպոնի վնասումով: Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Առկա է եղել ևս մի ծակած-կտրած, չթափանցող վնասվածք՝ տուժողի ձախ անութափոսի ու թիակի շրջանում, որը նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Եզրակացության մեջ արձանագրվել էր՝ եթե տուժողը անձամբ ներկայանա փորձաքննության, հնարավոր է, որ եզրակացության մեջ լինեն փոփոխություններ: Բայց փոփոխություններ չեն եղել, այդպիսիք չհրապարակվեցին:
Դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց հրաժարվել է նաև կասկածյալ աղջիկը՝ նշելով, թե ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Աղջիկը որպես մեղադրյալ ներգրավվել է դեպքից մի քանի օր անց: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատարանի դահլիճ բերվեցին գործով իրեղեն ապացույցները՝ տարբեր փաթեթներում փաթեթավորված՝ հանցագործության գործիք դանակը, տուժողի հագուստները, որ նրա հագին են եղել դեպքի պահին:
Դատահետքաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի սպիտակ շապիկի վրա առկա են եղել կտրված վնասվածքներ որովայնի ու թիակի շրջաններում: Հագուստի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Քրեական գործում առկա են հեռախոսազանգերի վերծանումների արձանագրություններ, հեռախոսային օպերատորների պատասխաններ՝ ուղարկված հարցումների վերաբերյալ:
Դատարանն ավարտեց գործում առկա փաստաթղթերի ու այլ ապացույցների հետազոտումը: Հաջորդ նիստում դատարանը կանցնի վկաների հարցաքննություններին:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի