Թվիթերյան իր էջում ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք գրառումներ է կատարել՝ կապված սենատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ: «Մարդկանց տառապանքների վրա աչք փակելը չի համապատասխանում մեր մարդ տեսակին, մեր՝ որպես ազգ ներկայանալուն: Մենք բարձր ենք դրանից և մեր արտաքին քաղաքականությունը միշտ պետք է դա անդրադարձնի:
Պետք է առերեսվել մարդկության պատմության այս կարևոր հատվածի հետ: Այսօր, ընդունելով իմ բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, սենատը վերջապես ոտքի կանգնեց՝ պատմական արդարությունը պաշտպանելու համար: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անտարակույս Ցեղասպանություն է: Ուրիշ համարժեք բառ գոյություն չունի, չկան չեզոք բառեր: Սա անխուսափելի էր: ԱՄՆ-ի հայ համայնքին ես խոստացել էի չդադարել պայքարել, մինչև չգա արդարության օրը: Երախտապարտ եմ ձեր անդադար օգնության ու աջակցության համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո՝ Ռոբերտ Մենենդեսն իր ելույթի ժամանակ չկարողացավ թաքցնել հուզմունքը: