ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումքով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները:
Կատարված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային բաժնի աշխատակիցները անձնական այլ և շահադիտական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Բացի այդ, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ սահմանված մաքսավճարները վճարելուց խուսափելու նպատակով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ Տ. Հ.-ին, նույն բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Ա. Ա.-ին, Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վ. Շ.-ին, 4-րդ բաժանմունքի պետ Տ. Ս.-ին, 3-րդ բաժանմունքի պետ Է. Ֆ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, իսկ 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ Գ. Փ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար:
Միևնույն ժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Գ. Փ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև 2 քաղաքացիների, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվել հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կարգով դադարեցնելու ուղղությամբ։
Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը՝ դրա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: