Search
Close this search box.

«Ոչ, «առաջին տիկին», ես չեմ իջնի հրապարակ Ամանորին». Լուսինե Հարոյան

«Ոչ, չհարգելի «առաջին տիկին», ես չեմ իջնի հրապարակ Ամանորին, ես կավարտեմ գործս ու կվազեմ տուն»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային Առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը։

«Ինքնահռչակ առաջին տիկինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու կոչ արել հայ կանանց ազատվել բլինչիկա-բուդա-սալաթային գերությունից ու անցկացնել Ամանորն իրենց մտերիների հետ:

Առաջին հայացքից լավ գրառում է. բոլորս գիտենք, թե երբեմն ինչ խեղաթյուրված մրցավազքի է հասցնում հայ կանանց և ընտանիքներին այդ «սեղանային մշակույթը»:

 

Բայց սա միայն առաջին հայացքից:

Չեմ թաքցնի, ես հիմա չեմ սարքում ամանորյա ուտեստներից շատ բաներ, չեմ տքնում գազօջախի մոտ, որովհետև աշխատում եմ այդ օրերին, երևի մի քիչ էլ «ցիվիլիզացվել» եմ, բայց իմ մանկության ամանորյա ամենապայծառ հուշերի պատառիկներում մայրիկիս ու քույրիկիս կարմրած դեմքերն են, որոնք մի ամբողջ օր չէին հեռանում գազօջախի մոտից:

Ու ոչ այն պատճառով, որ ես փոքրիկ որկրամոլ էի կամ ընտանիքս ֆետիշացնում էր ուտելիքը:

Բնավ ոչ:

Փառք Աստծո, ընտանիքիս հարցում բախտս անսահման բերել է. ծնողներս բանասեր ուսուցիչներ` սիրահարված հայ մշակույթին ու պատմությանը:

Այլ այն պատճառով, որ մայրիկիս հոգնած ու կրակից կարմրած դեմքը, հայրիկիս մոտենալն ու անվերջ հարցեր տալը, իմ` որպես տան փոքրի արտոնյալ կարգավիճակում խոհանոց սողոսկելն ու խմորեղենի կրեմից թաքուն լպստելը ինձ ընտանեկան անասելի ջերմություն էին տալիս:

Այն պատճառով, որ ես գիտեի` եթե մայրիկը խոհանոցում է, ուրեմն աշխարհում ամեն ինչ հրաշալի է, որովհետև դա պարզապես սեղան չէր ուտեստներով լի, այլ` Ամանորի կախարդական երեկոյի կենտրոնը, որի շուրջ պիտի հավաքվեր աշխարհում ամենակարևոր օղակը` ընտանիքը, իսկ մի քանի րոպեից` նաև բարեկամներն ու մտերիմները որովհետև պիտի դեմ առ դեմ տեսնեի իմ ամենահարազատ ու սիրելի դեմքերը:

Այն պատճառով, որ իմ մանկական ուղեղում գենետիկական մակարդակով արդեն նստած էր Հայ Մոր դերը` տան, օջախի պահապանի, «ներսի պատի» դերը, ինչպես և Հայ Հոր դերը` օջախի ստեղծողի, «հիմքի» դերը:

Ու ինչո՞վ է առաջարկում փոխել այս մոդելը ինքնահռչակ առաջին տիկինն իր ամուսնու հետ` փողոց դուրս գալ, համբուրգեր ծամել, կոլա խմել:

Թվում է, թե անմեղ կոչ է, բայց սա կոչ է վերամաստավորել հայ կնոջ դերը և ընդհանրապես կին ու տղամարդ դերաբաշխումը հայկական ընտանիքում, տեսեք, անգամ ուտեստները հայկական չեն:

Մեր Մեծերից մեկն ասում էր` ընտանիքը հասարակության հիմքն է. ու դժվար չէ պատկերացնել այն հասարակության ողբալի վիճակը, որտեղ ամենաընտանեկան պայծառ տոնը պիտի անցկացնել հրապարակում համբուրգեր ծամելով, որտեղ կինն ու տղամարդը չեն տարբերվում իրարից, և յուրաքանչյուրը կորցրել է ընտանիքի ամրության համար այնքան կարևոր իր Տեղը:

Ոչ, չհարգելի «առաջին տիկին», ես չեմ իջնի հրապարակ Ամանորին, ես կավարտեմ գործս ու կվազեմ տուն` գուցե կարողանամ մի փոքր ետ բերել մանկությանս այն բարի ու կախարդական մթնոլորտը, երբ մեծ սեղանի շուրջ հավաքվում էին սիրելի մարդիկ, ու ես սրտի տրոփյունով սպասում էի, թե ո՞վ առաջինը կբացի մեր տան դուռը ու կմիանա մեր «Խորհրդավոր ընթրիքին»»։

Please enter a valid URL