Search
Close this search box.

Գույքը կբռնագանձվի նաև առանց քրգործի. նոր նախագծի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Նկատենք, որ փոփոխություններն էական են. գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը, իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել և ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, և եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար: Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, և նախագիծն ուղարկվել էր նաև միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, իրավասու մարմին է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի տարբերակ է քննարկվել` նախ` ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ էլ նման գործառույթ տալ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ սրանք հարմար տարբերակներ չեն, և, որպես իրավասու մարմին, ընտրվել է դատախազությունը: Հավելենք, որ այս օրենքի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ են սպասվում, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները խնդրահարույց կետեր են տեսնում և կարծում են, որ օրենքը կարող է վնասել նաև «շարքային» քաղաքացիներին և դառնալ վրեժխնդրության հիմք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL