Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:
STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով։
Ստորև կարող եք ծանոթանալ գործընթացի ամփոփ ներկայացմանը։
Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողունակություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով այս գործընթացի նպատակն է՝ բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն․
«Մենք ցանկանում ենք ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների ու միջազգային փորձագետների կողմից և կդառնա Հայաստանի կրթական համակարգի զարգացման գրավականը»,-նշել է նախարարը։