ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք:
Մասնավորապես՝ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, 2019 թվականի նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց, պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: