«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:
2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: