Նոյեմբերի 14–ին հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահելիս եղել։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկել են հիվանդասենյակը և հայտնաբերել ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Արդյունքում հայտնի է դարձել զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում սպանության փորձ կատարողները եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որի տերը Էջմիածնի 25-ամյա բնակիչ է։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել է։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։