Այսօր, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը : Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
Արմեն Գեւորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.:
Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաեւ դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում: