Search
Close this search box.

Ինչու՞ է Մարությանը «ցրել» ներդրողներին

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բավական կոպիտ է վարվել իր մոտ ընդունելության գնացած Աբու Դաբիի թագաժառանգի հետ, ով Մարությանի հետ հանդիպման է գնացել Հայաստանում բազմամիլիարդանոց ներդրումային նախագծեր իրագործելու առաջարկով:

Ընդ որում, թագաժառանգն առաջարկել է Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց, որը կսպասարկի նյութապես անապահով խավերին: Թագաժառանգն ու նրա ներկայացուցիչները քաղաքապետի մոտից դուրս են եկել խիստ վրդովված և վիրավորված, որովհետև քաղաքապետ Մարությանը ըստ էության հայտարարել է, որ ինքը օտարերկրյա ներդրողներին որևէ կերպ չի պատրաստվում օգնել: Ի դեպ, որպեսզի Մարությանը ընդունի ԱՄԷ ներկայացուցիչներին, վարչապետ Փաշինյանի մոտ միջնորդել է Գագիկ Ծառուկյանը, և միայն վարչապետի միջնորդությունից հետո է, որ Մարությանն ընդունել է օտարերկրյա ներդրողներին:

Հայաստանում այս տարի ներդրումների ծավալը գրեթե զրոյական է: Հայաստանում ինչ-որ արտադրություններ բացվում են, բայց դրանք նախորդ տարիներից սկսված ներդրումային ծրագրերի արդյունքն է, նոր, խոշորածավալ ծրագրեր չեն սկսվում: Իշխանությունները դա գիտեն և տրամաբանությունը հուշում է, որ նրանք ամենաշատը պետք է շահագրգռված լինեին ցույց տալու համար, որ իրենց իշխանությանը վստահում են, որ Հայաստանում ներդրումային ծրագրեր են իրականացվում: Ի վերջո, այդ ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանի բյուջեն ստանալու էր հավելյալ եկամուտներ:

Բայց Մարությանը շատ կոպիտ է վարվել ներդրողների հետ: Չի բացառվում, որ նա կատարել է վարչապետ Փաշինյանի հանձնարարությունը: Փաշինյանն ամենայն հավանականությամբ զանգահարել է Մարությանին՝ ասել է, որ ինչ որ արաբներ են ուզում իրեն տեսնել, և դրանց պետք է ցրել: Մարությանն էլ կատարել է հանձնարարությունը և շեֆին զեկուցել է, որ արաբ ներդրողներին այնպես է ցրել, որ նրանց մտքով այլևս Հայաստանում ներդրումներ անելու միտք անգամ չի առաջանա:

Փաշինյանին իրականում պետք չեն ներդրողներ և ընդհանրապես ներդրումներ, որովհետև նա սարսափում է այդ ներդրումներից: Նրա միակ նպատակը իշխանությունը պահելն է, որքան հնարավոր է երկար և եթե հնարավոր է ցմահ: Փաշինյանը սարսափում է այն մտքից, որ Ծառուկյանի մտերիմները ներդրում անելով կարող են ուժեղացնել Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը՝ ի դեմս Ծառուկյանի, տեսնում է իր հիմնական քաղաքական հակառակորդին: Նա տեսնում է, որ վերջին 20 տարիներին տարբեր տեսակի իշխանություններ են եկել ու գնացել, բայց Ծառուկյանը մնացել է: Մնացել է, որովհետև նրա քաղաքական հեղինակությունը և հանրային աջակցությունը հենված չէ սուտ խոստումներ տալու և հասարակությանը հուսախաբ անելու վրա:

Փաշինյանը մտածում է, որ եթե Ծառուկյանի մտերիմները մի քանի միլիարդի ներդում անեն Հայաստանում, դրանից Հայաստանը իհարկե կշահի, կշահի նաև հայ ժողովուրդը, բայց դրանից կարող է աճել Ծառուկյանի քաղաքական հեղինակությունը: Իսկ Ծառուկյանի հեղինակության աճը ուղիղ համեմատական է իր քաղաքական հեղինակության կորստին: Այնպես որ, Փաշինյանի իշխանությանը պետք չի Հայաստանի զարգացումը և բարգավաճումը, եթե դա թեկուզ տեսականորեն կարող է վտանգել գործող իշխանությանը:

Բացի այդ, իր նախորդներից փորձից Փաշինյանը շատ հստակ դաս է քաղել՝ որքան աղքատ ու ընչազուրկ է հայ ժողովուրդը, այնքան հեշտ կառավարելի է այն ու ամուր՝ իր իշխանությունը: Այնպես որ, Փաշինյանը դեմ է ոչ միայն Ծառուկյանի մտերիմներին, այլ ցանկացած տեսակի ներդրումներին ու ներդրողներին, իշխանությանը դուր է գալիս փող մուրալը, չնայած այդ գործում ևս հաջողություններն այնքան ակնառու չեն:

ArmLife.am

Please enter a valid URL