Ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը փողոցի բացումն էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողություններին։
«Բերման ենթարկվեցին միայն նրանք, որոնք հեռացվելուց հետո կրկին փորձ արեցին վերադառնալ, փակել փողոցը»,- նշեց ոստիկանության ներկայացուցիչը։
Հարցին՝ 2-3 տասնյակ ցուցարարների համար արժե՞ր այդքան ոստիկանական ուժեր կենտրոնացնել, նա պատասխանեց, որ պետք է ամեն ինչ արվի, որ «ուժերը լինի համաչափ, այսինքն՝ որ բավարար լինի»։
Ոստիկանության ներկայացուցիչը չասաց, թե որ բաժիններ են տարվել ցուցարարները, սակայն նշեց, որ բերման ենթարկվածներն օրենքով սահմանված կարգով մինչև 3 ժամ կմնան, «եթե արարքում այլ հատկանիշներ չլինեն, անձի վարքագծից կախված, մենք տեսագրությունները կնայենք, գնահատական կտանք»։
Հարցին՝ միայն ցուցարարների վարքագծի՞ն է գնահատական տրվելու, նա պատասխանեց՝ «բոլորի»։
Դիտարկմանը, որ ցուցարարների մեջ արտասվող աղջիկներ կային, ոստիկանը պատասխանեց․ «է հա, սառը գետնին, որ նստեն, կլացեն, բա ինչ կանեն»։