Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին։ Նա խոսել է Գագիկ Խաչատրյանի նվիրատվության ու դրա դիմաց Աֆրիկյանների շենքի տեղը բարձրահարկի շինթույլտվություն ստանալու վերաբերյալ, ապա՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի՝ քաղաքապետարանին նվիրած երեք միավոր բազմաֆունկցիոնալ «Կամազ» մակնիշի մեքենաներին, որոնց դիմաց նա դարձյալ ինչ-որ բան է ստացել։
Խաժակյանը նշել է, որ իր ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա-Սեբաստիա, Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման մասին»։ Խոսքը 5842 քմ ինքնակամ կառույցի, այսինքն՝ շուրջ 0.6 հեկտար ինքնակամ կառույցի մասին է, որը քաղաքապետն իր որոշմամբ օրինականացրել է։
«Եթե դուք մտաբերեք այս անուն-ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ անվան հետ, իսկ Օհանով 15/1 հասցեն այն հասցեն է, որտեղ գրանցված են «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը։ 5842 քմ ինքնակամ շինություն օրինականացվել է այն երեք աղբատար «Կամազների» դիմաց, որը տվել է «Ալեքս և հոլդինգ» ՍՊԸ-ն քաղաքապետարանին։ Եվ եթե մենք նայենք ժամանակահատվածները, կտեսնենք, որ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին, և դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քաղաքապետարանն ստացել է նաև աղբատար մեքենաները, որի արդյունքում իրականացվել է այս ինքնակամ կառույցի սեփականշնորհումը»,- ասել է Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: