Եւ այսպես, համառ դիմադրությունից հետո երեկ
քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես գալիս է։ Ըստ մամուլի՝ նաեւ կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է:
Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում։
Հաջորդը՝ «Ն» և «Ս» ՍՊԸ-ն է, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին եւ ինչպես վկայում է «Հրապարակ» օրաթերթը, դրա դիմաց Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես նախագծված էին 14 հարկանի, բայց երեւի 14 միավոր տեխնիկան լավ դոպինգ է եղել քաղաքապետի համար ու եւս չորս հարկի թույլտվություն են բաշխել նվիրատուին։
Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է: Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի «Սանմաքրման և աղբահանության» հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցվում են որպես նվեր քաղաքին: Բայց, ըստ մամուլի, պարզվում է,սա էլ այնքան նվեր չէ։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել:
Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը: Բրավո։ Կարծում եմ, որ գլխավոր դատախազությունը մամուլի այս հրապարակումը պետք է ընդունի որպես հայտարարություն հանցագործության մասին եւ րոպե առաջ զբաղվի սրանով։
Ու մեկ էլ մի անհամեստ հարց՝ ո՞ւր է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով ինչ-որ քաղաքաշինական խորհուրդ էր ստեղծել ու շինթույլտվություններ էին բաժանում։
Ես որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալաներից մեկը։
Ու Արթուր Մեսչյանին չի փրկի՝ «Ո՞ւր էիր Աստված» երգելը, իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը, ում մոտ երեկվանից ասում են, քրոնիկ դեպրեսիա է սկսել եւ նա կրկին լքել է Հայաստանը, ընդամենը պաշտոնանկությամբ չի պրծնելու։
Սա միանշանակ է։