«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։
Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հեռուստամարաթոնի լոսանջելեսյան տաղավարից տասնյակ ամերիկահայեր կատարել են մեծ ու փոքր նվիրատվություններ։ Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ, որոնք ոչ միայն դրամ նվիրաբերելով են արտահայտել իրենց նվիրվածությունը հայրենիքին, այլև ջերմ խոսքով ու նաև մասնագիտական ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։
Հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019-ի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել էր 9.856.100 դոլար։