Search
Close this search box.

ՀՀ փոխվարչապետը նշել է, թե մինչև երբ չի լինի գազի բարձրացում

Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով: «Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է այլ երկրների, օրինակ Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով՝ Գրիգորյանը պատասխանեց՝ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։ «Եվ ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,-նշեց փոխվարչապետը:

Please enter a valid URL