Մոսկվայում կա ժողովուրդների բարեկամության Պատրիս Լումումբայի անվան համալսարան: Լումումբան էլ Կոնգոյի հեղափոխականներից էր: ԽՍՀՄ-ը գերտերություն էր և նման ուսումնական հաստատություններն անհրաժեշտ էին ԿԳԲ-ին: Խորհրդային Միության <բարեկամական> երկրներից ուսանողներ էին գալիս և ուսման ընթացքում հավաքագրվում էին ԿԳԲ-ի կողմից: Իրենց հայրենիք վերադառնալիս, վերջիններս նշանակվում էին բարձրաստիճան պաշտոնների: Այսպիսով, ԿԳԲ-ն ունենում էր լրտեսական լայն ցանց:
Պատրիս Լումումբայի անվան համալսարանում նշում էին Լիբերիայի կամ Գվատեմալայի անկախության օրը, Չե Գևարայի և Ֆիդել Կաստրոյի ծնունդը, Նիկարագուայի և Հյուսիսային Կորեայի սահմանադրությունների օրը, միգուցե նաև Պոլ Պոտի գրքի շնորհանդեսը, սակայն ոչ ԱՄՆ-ի սահմանադրությունն ու Սուրբ Ծնունդը: Անգամ ԽՍՀՄ-ն ուներ հստակ քաղաքական ուղղվածություն:
Երևանում գործում է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): Հայաստանը գերտերություն չէ և ոչ էլ գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել: Սակայն, այնպես ինչպես Պատրիս Լումումբայի անվան համալսարանի դեպքում ԵՊՀ-ում նշում են տարբեր ժողովուրդների ազգային, քաղաքական և կրոնական տոներ: ԵՊՀ-ում նշում են մահմեդական Նովրուզը` http://www.ysu.am/news/hy/Event-dedicated-to-Novruz?fbclid=IwAR30XsKQPbtP0pl0aTR32sOodlLRwaV3rNORsmlHBDTHAdv0Mcrc6_iHKY0 ,
Հնդկաստանի սահմանադրությունը http://www.ysu.am/news/hy/Armenian-Indian-Relationship և այլն:
Չգիտեմ, միգուցե ԵՊՀ-ում տոնում են նաև Նապոլեոնի, Սուվորովի ծնունդը կամ Գոհաբանության (հնդկահավի) օրը, սակայն Նովրուզն ու Հնդկաստանի սահմանդրություն տոնելը նշանակում է, որ կամ Հայաստանը ասիական գերտերություն դառնալու գաղտնի հայտ է ներկայացրել, կամ էլ մեր երկիրն աստիճանաբար կորցնում է ազգային արժեքներն ու չունի քաղաքական դիրքորոշում:
Եվ ո՞վ գիտի, միգուցե շատ շուտով Հայաստանում նշեն <Իսլամական պետություն> ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծննդյան կամ մահվան օրը, ինչպես նաև Երևանի <Սթար> սրճարանում հայոյանքներ հնչեցնող և ատրճանակից կրակող Հնդկաստանի քաղաքացու հերթական ամուսնությունը:
Կարեն Հեքիմյան