Ինչպես երեկ հայտնի դարձավ, Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան ՀՔԾ ներկայանալու համար 48 ժամ ժամանակ է տրամադրել։ Կոստանյանն արդեն երկու ամիս է գտնվում է Մոսկվայում՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:
Նախօրեին «Ազատության» հետ զրույցում Գ. Կոստանյանն ասել էր. «Ո՞րն էր անհրաժեշտությունը նման հրատապության, սա է աբսուրդ: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ արհեստականություն կա: Ես բացատրել էի, որ երբ իմ պարտավորությունները կատարեմ, կվերադառնամ»:
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ 48 ժամում հասնելն իրատեսակա՞ն է, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է. «Նույն հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է 48 ժամում Մոսկվայից Երևան հասնելը… Եկեք 48 ժամ սպասենք, դրանից հետո, եթե չներկայանա, կգործենք՝ ըստ օրենքի»: