Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը թաքուն կամազներ է նվիրել

Գործարար Սամվել Ալեքսանյանը Երեւանի քաղաքապետարանին «Կամազներ» է նվիրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա հայտնեց, որ այդ լուրը հաստատել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները։

«Երբ ասում էին, որ համայնքային հիմնարկը շահագործում է 50-ից ավելի մեքենա, մշտապես զարմանում էի, թե ինչու վերջիններիս գնման պայմանագրերը հրապարակված չեն։ Սկսեցի ուսումնասիրել գնումների կարգով առկա պայմանագրերը, գտա դրանց մի մասը, այդ թվում՝ քաղաքապետի այն կարգադրությունները, որոնցով գնված մեքենաները ամրակցվում են համայնքային հիմնարկին։ Տեսա, որ հայտարարվող թվի եւ փաստացի ձեռք բերվածի միջեւ առկա է տարբերություն։ Քաղաքապետարանից կատարեցի հարցում՝ արդյոք կա՞ն այլ մեքենաներ, որ շահագործվում են։ Եվ հրապարակային հնչեցվեց, որ քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչներ պնդում էին, որ իրենք էլ են նման բան լսել, եւ տալիս էին Սամվել Ալեքսանյանի անուն ազգանունը։ Նա նվեր է հատկացրել քաղաքին»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ իր հետ զրույցում քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասել են, որ դա լավ նվեր է. «Հասկանալի է, որ նվերը լավն է, բայց նվերները, հատկապես նման փոխհարաբերություններում, անհատույց չեն լինում։ Եթե այսքան ժամանակ համայնքային իշխանությունները թաքցրել են այդ հանգամանքը, ուրեմն մեր մտահոգությունները տեղին են»։

Please enter a valid URL