Search
Close this search box.

Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Մեծարգո՛ պարոն Վարչապետ:

2016 թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած Եղիշե Խաչատրյանի դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն ողջ հանրապետությունը, այլև Սփյուռքը:

Վթարային իրավիճակ ստեղծած երեք, քիչ անց նրանց միացած ևս երեք երիտասարդներ մոր ներկայությամբ սպանեցին իրենց կյանքը փրկած և ընդամենը դիտողություն արած հիսունութամյա ամուսնուս, սպանեցին ոհմակով, առանց նշույլ իսկ խղճի խայթի` չանսալով տարեց մոր աղաչանքներին:

Ես չեմ ուզում Ձեզ ծանրաբեռնել այդ գործի մանրամասներով: Առաջին իսկ օրից բավական տևական ժամանակ բազում լրատվամիջոցներ (նաև` «Հայկական ժամանակը» լուսաբանում էին այդ գործը: Ասեմ միայն, որ ստանձնեցի ամուսնուս իրավահաջորդի կարգավիճակը ոչ պատահական: Գիտեի, որ շատ դժվար է լինելու. շատ արագ բացահայտվեցին կասկածյալները, որոնց կողքին կանգնեցին «կարկառուն» փաստաբաններ` հանրությանը քաջ հայտնի հատկապես սպանության մեղադրանքով ամբաստանյալների կողքին:

Նախաքննության, ապա դատաքննության այս երեք ու կես տարիների ընթացքում, բացի դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց, գիտական որևէ մեծածավալ հոդված չեմ հրատարակել, թեև երեք գիրք գտնվում են խմբագրման փուլում: Դրա փոխարեն ամուսնուս սպանության գործի տասներկու հատորները գրեթե անգիր եմ արել: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այս տարիների ընթացքում դարձել եմ մասնավոր դետեկտիվ, հանդիպել եմ գործով անցնող որոշ ականատես վկաների` անձամբ նրանցից լսելու կատարվածի մասին: Դատական յուրաքանչյուր նիստից հետո վերցրել եմ դատական նիստի արձանագրման կրիչները ու գիշերները դրանք բոլորը վերածել տեքստի, համադրել փաստերը, վկայությունները, վեր հանել հակասությունները:

Չեմ ուզում խոսել իմ ընտանիքի ապրումներից, որդեկորույս մոր տանջանքներից ու կորցրած առողջությունից, կասեմ միայն, որ երբ Դուք դարձաք Հանրապետության Վարչապետ, բոլորն ինձ հույս էին տալիս ու համոզմունք հայտնում, որ գոնե այժմ մենք կարող ենք հանգիստ լինել արդար դատաքննության առումով: Մինչ այժմ ես դրանում կասկած չեմ ունեցել:

Այն քայլերը, որ իմ և իմ ներկայացուցչի հանդեպ կատարում էին ամբաստանյալների հարազատներն ու նրանց փաստաբանները, մեզ չէին հանում ինքնատիրապետումից. ընդամենը մեկ օր առաջ ոմն Արտակ Գալստյանի տեղադրած տեսանյութը/8rd news, 24 նոյեմբեր/ ևս դասում եմ դրանց շարքին, բայց ցանկանում եմ մի քանի նկատառումներ հայտնել, քանի որ հստակ վտանգ եմ տեսնում իմ անձը հանրության առաջ և Ձեր առաջ վարկաբեկելով` իրենց ամբաստանյալ պաշտպանյալներին պատասխանատվությունից ազատելու սին փորձեր:

Տեսանյութի հերոսը կամ այն կազմողը առաջին իսկ բառից ստում է և այնպիսի հայտարարություններ անում, որոնք ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, բացի մեկից, որի մասին միտումնավոր մոռանում են տեսանյութում: Դա այն է, պարո՛ն Վարչապետ, որ տեսանյութում նախ և առաջ մոռանում են նշել, որ Արտակ Գալստյանը և փաստաբան Սուսաննա Սարգսյանը ստանձնել են ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպանությունը, և որ ընդամենը օրեր առաջ դատարանը մերժեց ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանի և Յուրա Հակոբյանի` գրավի դիմաց ազատելը:

Դատարանի սկզբունքային որոշումը երևի շատ է զայրացրել այս մարդկանց, ուստի որոշել են սլաքն ուղղել իմ անձին և միջոցների մեջ ոչ մի խտրություն չդնելով` սևացնել իմ անձը, վարկաբեկել ինձ սուտ և մտացածին, այսպես ասած « սենսացիոն» հայտարարություններով, որոնց էլ կուզենայի անդրադառնալ:

Իմ կապը Սերժ Սարգսյանի և նրա եղբայր Լևոն Սարգսյանի հետ:
Մեծարգո՛ Վարչապետ, ամուսնուս թաղման գիշերը նստել եմ համակարգչի առջև և արցունքների միջից նամակ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և այն վաղ առավոտյան ուղարկել եմ լրատվական մի քանի կայքեր: Դուք այդ նամակը հավանաբար կարդացել եք, եթե ոչ, կարդացեք ևս մեկ անգամ. այդ նամակը վառ ապացույցն է իմ և պարոն Սերժ Սարգսյանի միջև ոչ մի կապ չլինելու: Այդ նամակին հաջորդել է մտավորականների բաց նամակը` որում հստակ պահանջվում էր արդար դատաքննություն:

Եթե ես մտերիմ հարաբերությունների մեջ լինեի նախորդ վարչակազմի ղեկավարի հետ այնպես, ինչպես միտումնավոր ներկայացվում է տեսանյութում, ապա համալսարանի հիմնադրման 95-ամյակին, ավելի բարձր պարգևի կարժանանայի, քան ընդամենը համալսարանի պատվոգիրը/ոչ պակաս նախագահի շնորհակալագիր կամ առնվազն կրթության նախարարության ոսկե մեդալ/, մինչդեռ Ձեր վարչակարգի օրոք նշված 100-ամյակի շրջանակում արժանացա համալսարանի ոսկե մեդալի:

Ինչ վերաբերում է Լևոն Սարգսյանին, ապա ասեմ, որ այդ մարդուն ոչ միայն դեմ առ դեմ կյանքում երբևէ չեմ հանդիպել, այլև ես և նա, ո՛րևէ անգամ, ո՛րևէ հանրային միջոցառման ժամանակ միասին չենք գտնվել նույն տարածքում: Հիմա եմ հասկանում, թե ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը նիստերից մեկում ինչու բղավեց, որ ես հանդիպել եմ Լևոն Սարգսյանի հետ: Պարզ է, որ այս տեսանյութի հիմքերը վաղուց էին նախապատրաստվում:

Ավելորդ է ուրեմն իմ դոկտորականի պաշտպանությունը կապել այդ մարդու անվան հետ: Ես դոկտորականս կարող էի պաշտպանել դեռևս 2003 թ.` հետևելով Հովհաննես Բարսեղյանի և Գևորգ Ջահուկյանի հորդորներին, երբ հրապարակվեց իմ «Աստվածաշնչի և հայոց սուրբ անվանց բառարանը»: Բայց ես չշտապեցի: Հարգելի՛ Վարչապետ, ուշացման պատճառը մեկն էր. ես ցանկանում էի ուսումնասիրել Աստվածաշնչի բոլոր հատուկ անունները, մասնավորապես` Աստված բառի ստուգաբանությունը, ինչը ինձ կարծում եմ հաջողվեց (վկա իմ ընդդիմախոսների և մասնագետ ընթերցողների կարծիքը): Խոստանում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում Ձեզ նվիրել այդ գիրքը, կարծում եմ` այն Ձեզ շատ կհետաքրքրի: Այդ ընթացքում դպրոց մտան Հովհաննես Բարսեղյանի հեղինակակցությամբ մեր` 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանի հայոց լեզվի դասագրքերը, որոնք բարձր գնահատվեցին թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտության կողմից:

Չմոռանամ նշել նաև մի կարևոր հանգամանք, բոլորիդ է քաջ հայտնի հանրապետությունից ոչխարներ դուրս բերելու տխրահռչակ պատմությունը: Ասեմ, որ եզդիների հետ «գցվածների» թվում էր նաև իմ ամուսինը:

Հիմա խնդրում եմ` ասեք, պարո՛ն Վարչապետ, որքանով է ընկալելի այն սահմանափակ մտածողությունը, որ ես կարող էի մտերիմ լինել այդ մարդկանց հետ և անգամ ընդհանուր բիզնես ունենալ. նենգամտության ինչպիսի~ փայլատակում:

Բայց ես` իբրև Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի, ընդունել եմ իմ երկրի բարձրագույն օրենքը, քաջ գիտակցել իմ իրավունքներն ու պարտականությունները, հարգել երկրիս բոլոր նախագահներին ու վարչապետներին: Ինձ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն արժեքներ են Հանրապետության Վարչապետ և Հանրապետության Նախագահ կատեգորիաները, և արդեն էական չէ այդ կատեգորիան կրող անձը, որը, յուրաքանչյուրի պես և առավել ևս իբրև այս երկրի առաջին դեմք, պատասխանատու է իր բոլոր արածների ու ասածների համար բոլոր ժամանակներում:

Կաշառակերության մասով:
Մեծարգո՛ Վարչապետ, ես կաշառակեր դասախոս չեմ եղել և չեմ: Առավել ևս, իմ պատճառով ոչ մի ուսանող ինքնասպան չի եղել: Գոնե Ձեզ համար մեկ րոպեի պարզելու հարց է Մեյթիխանյանի կաշառակեր լինելը: Հարցո՛ւմ արեք միջազգային դիվանագիտության, իրավագիտության, ռոմանագերմանականի, տնտեսագիտության ֆակուլտետների(այդտեղ ես դասավանդում եմ) ոչ թե առաջին, այլ բարձր կուրսեցիներին, ում արդեն ես դաս չեմ տալիս, և ովքեր ավելի օբյեկտիվ կլինեն իրենց գնահատման մեջ, կտեսնեք ու կլսեք իմ մասին իրական կարծիքը: Ինչու ոչ, կա նաև ուսանողների փակ հարցում-կարծիքները, պահանջե՛ք և ծանոթացե՛ք նաև դրանց: Այդ կարծիքը չի կարող իդեալական լինել, քանի որ բոլորը չէ, որ գերազանց են սովորում, և բոլորը չէ, որ բարձր գնահատական են ստանում: Բայց որ կլինի այդ կարծիքը դրական ու դեռ մի բան էլ ավելի, չեմ կասկածում:

Մնում է «Միասին» շարժման իմ նկարը պատերին փակցնելը` որպես կաշառակեր դասախոսի: Ես այդ մասին չեմ ուզում շատ խոսել, քանի որ այդ օրերին շատ ազնիվ լրատվամիջոցներ իրենց ձայնը բարձրացրին` ի պաշտպանություն մեզ (խորին շնորհակալությունս հատկապես ազնիվ լրագրող Արամ Աբրահամյանին), և շատ արագ հանրությունը հասկացավ ինչն ինչոց է: Իսկ որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը, անդրադառնում է այդ թեմային, խոսում է միայն նրա ցածր ինտելեկտի և անձնական ոխակալության, իր նեղ ու ճղճիմ, ստոր նպատակներին հագուրդ տալու մասին: Կոռուպցիան բացահայտելը այնքան էլ հեշտ բան չէ, և իրեն հարգող յուրաքանչյուր մարդ որևէ մեկին նման պիտակավորում տալուց առաջ պետք է որ նայի նախ իր կենսագրությանը, իր անցած ճանապարհին ու նոր միայն ամպագոռգոռ հայտարարություններ անի:

3.Մասնավոր պարապելու և եկամուտների մասով:

Չեմ թաքցրել և հիմա էլ չեմ թաքցնում, որ մասնավոր պարապում եմ. շատերն են

այդ ձևով ընտանիք պահում, և որքան գիտեմ, այդ եկամուտը հարկման ենթակա չէ: Եվ գաղտնիք չէ, որ լավ ու սրտացավ պարապելու արդյունքում իմ դիմորդների բացարձակ մեծամասնությունը ընդունվում է իր նախասիրած բաժինը: Այո՛, պարապել եմ նաև Արթուր Վանեցյանի որդու հետ, որը, սակայն, քննությունից ստացել է ոչ թե 19,75(ինչպես միտումնավոր սխալ ներկայացվում է տեսանյութում), այլ 18,75 միավոր: Հետաքրքիր է, պարո՛ն Վարչապետ, այս տեսանյութի հեղինակները կհամարձակվեի՞ն այսպես կեղծել գնահատականը, եթե պարոն Վանեցյանը շարունակեր պաշտոնավարել: Հետևությունը Ձեզ եմ թողնում:

Եկամուտներիս մասին կուզեի հավելել: Ամուսինս գյուղի խոշոր հողատերերից մեկն էր: Անասնաբուծությունից հիասթափվեց(արդեն գիտեք` ինչու), այգիներ հիմնեց: Այդ այգիների խնամքով հիմա ես եմ զբաղվում ավագ որդուս հետ: Միայն ծիրանի մի քանի միլիոն դրամի եկամուտ ունեցանք: Հետո եկավ դեղձի, այժմ էլ խնձորի հերթն է: Ասեմ, ի դեպ, որ սովորել եմ պատվաստ անել, օղի թորել ու վաճառել(ո~նց եմ սպասում շաբաթ օրվա գալուն): Պարո՛ն վարչապետ, կարծում եմ ինձնից լավ գիտեք` հողի հետ աշխատող մարդը չի կարող կաշառակեր լինել:

4.Կուսակցական պատկանելության մասով:

Երբեք, ոչ մի ժամանակ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, ոչ առավել ևս համակիր: Ինչ վերաբերում է ՔՊ կուսակցության շարքեր մտնելու պատմությանը, սկզբից մինչև վերջ անհեթեթություն է, ինչին, սակայն, մանրամասն կանդրադառնամ դատարանում իմ արտասանած ճառում: Ա՛յ, այդ նյութը դատարանին շատ կհետաքրքրի:

Մեծարգո՛ Վարչապետ, իմ ամուսնու սպանության գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Աննա Դանիբեկյան): Ես և իմ շահերի պաշտպանը առ այսօր դատավորի գործողություններում ոչ օրինական կամ ոչ իրավական որևէ գործողություն չենք նկատել: Դատաքննությունը առաջ է գնում առայժմ անաչառությամբ և շատ դանդաղ: Փոխարենը ակնառու է ամբաստանյալների ու նրանց փաստաբանների նյարդային վիճակը` հատկապես միջնորդություններ ներկայացնելիս, դատարանում հատկապես իմ կողմից հարցեր հնչեցնելիս:

Եվ հիմա, երբ դատարանը հասել է ապացույցների հետազոտման փուլին(այդ ապացույցները իրենց վերջնական դատավճիռն են արձանագրելու), նրանք այլևս չեն կարողանում տիրապետել իրենց. վկա այս տեսանյութը, որը, ցավոք, կարծում եմ վերջինը չի լինելու: Բայց ես, ինչ էլ ասելիս լինեն, այլևս դրանց չեմ անդրադառնալու, քանի որ դրա համար ոչ ժամանակ և ոչ առողջություն ունեմ: Այո՛, այո՛, մեծարգո՛ Վարչապետ: Այլևս անդառնալի չկա այդ առողջությունը, ուստի իմ այս գործը մինչև վերջ օբյեկտիվ պատճառով ավարտին չհասցնելու դեպքում, Դուք պարտավոր կլինեք ստանձնել արդեն իմ և իմ ամուսնու իրավահաջորդի դերը, որպեսզի այս ոհմակի բոլոր անդամները ստանան իրենց արժանի պատիժը: Հակառակ պարագայում Ձեր խոստումները արդարության երաշխիքների մասին օդում դատարկ կրակոցներ կլինեն:

Այս երեք ու կես տարիների ընթացքում ինձ փորձել են կոտրել, սպառնալ, կաշառել: Ոչինչ չի ստացվել:Այս տեսանյութը ես համարում եմ այդ փորձերից ևս մեկը` առավել ստոր մեթոդներով: Տե՛ր կանգնեք, հարգելի՛ Վարչապետ, մեր երկրի օրինականությանը, կանգնե՛ք այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության: Չմոռանամ ասել, որ ամբաստանյալներից մեկը, բանտից ինձ զանգելով, սպառնալլիքների կողքին չմոռացավ նշել, որ Ձեր իշխանության վերնախավում կան մարդիկ, ովքեր իրենց խոստացել են ազատություն:

Նամակս ավարտում եմ նույն նախադասությամբ, ինչպես 2016թ. հրապարակված նամակում. «Չգտնեմ իմ արդարությունը իմ երկրում, կգտնեմ այն միջազգային ատյաններում»:

Հ.Գ.

Ի դեպ, հայոց լեզուն և հայոց պատմությունը բարձրագույն հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու մասին իմ կարծիքը մնում է անփոփոխ. Օրենքի նոր նախագծի այդ կետը պետք է վերանայվի: Այնպես որ, ամբաստանյալների շահերը ներկայացնող անձինք թող իզուր չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ»:

Փառանձեմ Մեյթիխանյան, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ

Please enter a valid URL