Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր՝ Մեսրոպ Մակեյանի նախագահությամբ, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարաձություններին մասնակցած Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին, ով 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանն այժմ նրան արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևանում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր դատաքննության ուղարկելու 2008-ի մարտյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործը: Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս. Սաֆարյանի և Վ. Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել էր դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Մուշեղ Սաղաթելյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է կոմայի մեջ: