Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։
Ոստիկանները պարզել են, որ ոչ միայն պղծել են 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանը, այլ նաև հարակից մի քանի գերեզմաններ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում 80-ամյա ծերունու դուստրն ասում էր. «Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։
Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։ Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։
Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»։