Նախօրեին համացանցում հայտնված սկանդալային տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով ոստիկանները խոշտանգման միջոցով ցուցմունք կորզում: Հրապարակված կադրերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին Ոստիկանության Արաբկիրի բաժնում: Այդ ժամանակ բաժնի պետը Արթուր Մեհրաբյանն էր, իսկ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:
News Media անվամբ յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից պարզ չէ, թե ովքեր են բռնություն իրականացնողներն, ու ով է տուժողը։ Սակայն երևում է՝ չորս քաղաքացի ծեծում են մի անձնավորության, հայհոյում, ապա գետնին են գցում նրան ու կապում ոտքերը, որից հետո էլ մահակով ոտնաթաթերին են հարվածում չնայած խնդրանքերին։ Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները նաև հակագազ են հագցնում տեսանյութում երևացող անձնավորությանը։
Հիշեցնենք, որ տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները խոշտանգումներով ցուցմունք են կորզում, Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), իր հերթին, հաղորդում է, որ տեսանյութի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: