Search
Close this search box.

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի տուն։ Այս մասին newarmenia.am-ին տված հարցազրույցում ասել է Սարհատ Պետրոսյանը։

«Ես անկեղծորեն հավատացել եւ հավատում եմ, որ մեր հեղափոխությունը արժեքային հեղափոխություն էր նաեւ, եւ ինձ համար որպես տարիներով իր բնագավառի համար «կռիվ տված մարդ», շատ կարեւոր եւ նույնիսկ շատ էմոցիոնալ որոշում էր, որ ընդունեցի վարչապետի առաջարկը՝ միանալ կառավարության թիմին։ Բայցեւ, իմ կողմից շատ սրբացված մասնագիտությանս դավաճանել չէի կարող։ Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եմ, տարբեր ձեւաչափերով բազմիցս բարձրաձայնել եմ եւ՛ մինչեւ հեղափոխությունը , եւ՛ հեղափոխությունից հետո որպես պետական պաշտոնյա, եւ՛ հիմա՝ հանրային սեկտորում։ Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում, որ ոստիկանության որեւէ աշխատակից կարող է գալ, իմ ընտանիքի հանգիստը խանգարել, ինչը որ այսօր արել է 6-րդ վարչությունը՝ իմ հայտարարությանը հետամուտ լինելու համար։ Ես դա գիտակցել եմ, բայց համոզված եմ, որ խնդիրների մասին պետք է խոսենք»,- ասել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ ոստիկանության աշխատակիցները եկել էին մի կազմակերպության հայտարարության հիմքով, թե Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ պատժելի գործողություններ կան. «Եվ տրամաբանական է, նորմալ է, որ եկել էին։ Այն հայտարարության մասին է խոսքը, որ ես արել եմ «Ազատություն» ռադիոկայանում։ Ես տանը չեմ եղել, բայց իմ երեխաները, իմ ընտանիքը ստրես են ապրել։ Իմ ընկերները, տարբեր սերունդների գործընկերներս ինձ ուժ են տալիս, որը կարող եմ փոխանցել իմ ընտանիքին։ Մենք բոլորս ստրեսներ ունեցել ենք թե՛ 2018-ին, թե՛ հիմա, բայց մեր երազած Հայաստանն ունենալու համար ես պատրաստ եմ ամեն ինչի միջով անցնելուն։ Իմ բնագավառում հեղափոխության հիմքում պատկերացրածս արժեքներն իրականացնելու համար ես դրան պատրաստ եմ։ Որեւէ պահի չեմ մտածել, որ 2018-ին սկսված պրոցեսները կշրջվեն եւ որ երկրում կարող ենք հանդուրժել կոռուպցիա հիշեցնող գործընթացները։ Իսկ իմ հնչեցրած ամեն խոսքի տակ կան փաստեր»։ Ոստիկանությունը հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տալ այս առնչությամբ, անգամ հրաժարվեցին հաստատել տեղեկությունը:

Please enter a valid URL