ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։
Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։