ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում՝ յոթ մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:
Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Այնուհետև, «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:
Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի պատշաճ և անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց և ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց:
Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: