Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցում տեղի ունեցող հանդիպմանը վարչապետը ներկայացրել է իր կառավարության վարած քաղաքականությունը: «Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն էր, դրանում իմ մեղքը ո՞րն է-, ասաց վարչապետը ի պատասխան ներկա գտնվող մի տիկնոջ դիտարկման, թե Հայաստանում տիրող ատելության մթնոլորտը խիստ մտահոգում է իրեն, ապա շարունակեց,- մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն:
Ընդհակառակը մեր հեղափոխությունը եղել է սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն: Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Իսկ ո՞ր էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազվարությունը, Մեղրին տա՞լ էր ռազմավարությունը, թե՞ էն էր , որ ինչպես իրենք էին բանակցում Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց: Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:
Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, թե մենք հող ենք վերադարձնում: Իսկ եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո՛, էդ ինստիտուտը քանդված և ջախջախված է: Եթե դուք ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է , այո՛, վերադարձվելու է:
Իմիջիայլոց, Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ վատիկանների որ պադվալներում են պախկված, բայց վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»: