ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3×10/) բլիստերում» դեղի գրանցումը, որի համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1×2/), (6/1×6/), բլիստերում» դեղի գրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:
Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին: