Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում է, նա գրառում կատարեց «Ոսկե գրքում»

Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք: Ինչպես Իտալիայից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Վենետոյի փոխնահանգապետ Ֆեդերիկո Կաները, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Վենետո նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Նախ կայացավ նեղ կազմով հանդիպում Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Մայրավանքում, որից հետո գրառում կատարեց միաբանության «Ոսկե գրքում»:

«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը, ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության արվեստի աղբյուրներից մեկն է: Այն ժամանակ, երբ հայության ինքնությունը վտանգված էր Հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի տաճար դարձավ»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի մասնակցությամբ նախատեսված է ընդլայնված հանդիպում վանահայրերի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Please enter a valid URL